News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր՝ հոկտեմբերի 16-ին, անդրադարձել է մամուլի հրապարակումներին, ըստ որոնց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը իր մտերիմն է, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը իր քենակալը (բաջանաղը) եւ որ շարունակվում են պաշտոնների նշանակվել այս կամ այն պաշտոնյայի մտերիմներն ու բարեկամները։

«Ֆելիքս Ցոլակյանը եղել է Ազգային անվտանգության ծառայության հին աշխատողներից։ Երբ ես ընդունվել եմ ԱԱԾ, ինքն արդեն իսկ եղել է ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա։ Ֆելիքս Ցոլակյանին ես շատ հարգում եմ որպես մարդ, որպես զինվորական, որպես պետական գործիչ, բայց նա իմ քավորը չէ, իմ քավորը սովորական մարդ է, անունը Վարդան, ազգանունը Կուլիջանյան։ Դա ուղղակի ապատեղեկատվություն է, ուղղակի վերջին շրջանում շատ մոդայիկ է դարձել՝ ցանկացած հոդվածում գրում են Վանեցյանը ու ինչ-որ մի բան, ու դառնում է սենսացիա»,–ասաց Վանեցյանը։

Նա չհերքեց, որ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը իր քենակալն է, սակայն նշեց. «Մի պահ դնում ենք մի կողմ, որ Գարեգին Բաղրամյանն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, եւ բոլորին հարց եմ ուղղում. ուրիշ ինչ-որ մի առիթ կա՞, որով Գարեգին Բաղրամյանին կարելի է մեղադրել այս կամ այն արարքի մեջ»։

Վանեցյանը հերքեց, որ ինքն է նրա թեկնածությունն առաջարկել նախարարի պաշտոնում. «Նա սկսել է առաջատար մասնագետից, դարձել է գլխավոր մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ, որից հետո նշանակվել է էներգետիկայի փոխնախարար։ Ես այդպիսի լիազորություն չունեմ որեւէ մեկին այս կամ այն  պաշտոնում նշանակելու, միայն ԱԱԾ–ում կարող եմ այս կամ այն անձին նշանակել, եւ միայն կարող եմ տեղեկություն տրամադրել այս կամ այն անձի վերաբերյալ»։

Տպել
Ամենաշատ