News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի հրավերով՝ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը՝ երկրի Կենտրոնական տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, հանդիպել է ՀՀ վճռաբեկ, վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահների, դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ: Բարձրագույն դատական խորհդի աշխատակազմից  NEWS.am–ին հայտնում են, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ մասնագիտական քննարկումների, երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման արդյունավետության առումով:

Հարցուպատասխանի ձևաչափով ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների հետ քննարկվել են երկու երկրների դատական համակարգերի ինստիտուցիոնալ կառուցվածքը, նմանություններն ու առանձնահատկությունները:

Հյուրերը, ներկայացնելով Հոլանդիայի դատական իշխանության բյուջետային հայտի ձևավորման առանձնահատկությունները, նշել են, որ իրենց բյուջեն տնօրինվում է դատական իշխանության ինքնավարության և հաշվետվողականության սկզբունքներից ելնելով:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը նկատել է, որ հոլանդական առաջատար փորձը կարևոր է դատական իշխանության կողմից բյուջետային հայտի ձևավորման հարցում, որի շուրջ ԲԴԽ-ն ներկայումս իրականացնում է համակողմանի վերլուծական աշխատանք։

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանին հետաքրքրել է հոլանդական դատական համակարգի «մամլո դատավոր» ինստիտուտի առկայությունը: Հոլանդացի գործընկերների ներկայացմամբ, յուրաքանչյուր դատարան ունի անկախ լրագրողների կողմից վերապատրաստած մամլո դատավոր, որը մշտապես կապի մեջ է լրագրողների հետ և հաճախ է հարցազրույցներով հանդես գալիս հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական գործերի վերաբերյալ: Թաքվոր Ավեդիսյանը, որպես նախկին մամլո-դատավոր, կիսվել է իր պրակտիկ փորձառությամբ` ընդգծելով, որ այդ ինստիտուտը թափանցիկության և մատչելիության տեսանկյունից կարևոր պայման է հանդիսանում և էական մեծ նշանակություն ունի հանրային ճիշտ ընկալումներ ձևավորելու առումով: Նա նկատեց, որ վերջին երեսուն տարում Հոլանդիայում դատական իշխանության նկատմամբ վստահության մակարդակը գտնվում է կայուն 70-75% միջակայքում:

Նույն օրը հանդիպում  է կայացել նաև ՀՀ վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահների և դատավորների հետ: Խոսվել է վարչական գործերի ինքնարժեքի, ծախսատարության, վարչական բողոքարկման կառուցակարգի, արդարադատության մատչելիության և արդարադատության այլընտրանքային ձևերի մասին:

Խոսելով ծանրաբեռնվածության մասին՝ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ Հոլանդիայի Կենտրոնական տրիբունալում, 60 դատավորի առկայության պայմաններում տարեկան քննվում է 7500 գործ, մինչդեռ Հայաստանում Վարչական վերաքննիչ դատարանում՝ 9 դատավորի առկայության պայմաններում տարեկան 5000 գործ է քննում: Սա լուրջ խնդիր է, սակայն, ինչպես նշեցին ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչները, հարցի լուծումը տեսնում են ոչ միայն դատավորների թվի ավելացման, այլև վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգերի ներդրման մեջ:

Թաքվոր Ավեդիսյանը ներկայացրել է վարչական վարույթների քանակը էապես նվազեցնող որոշ մոտեցումներ: Օրինակ, վարչական մարմինները վարչական ակտ կայացնելուց առաջ անձին բացատրում են իրենց դիրքորոշումը և վերջինիս հետ քննարկում են այն` իրապես ականջալուր լինելով քաղաքացիների և իրավաբանական անձանց տեսակետներին։ Սա տեղավորվում է Հոլանդիայում որդեգրած «Լավ Կառավարություն» սկզբունքի տրամաբանության մեջ։ Հատկանշական է, որ գործի նախապատրաստական փուլում դատավորը կամ օգնականը կողմերին նախապես գրավոր ուղարկում են գործի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը։ Հոլանդիայում լայնորեն կիրառվում է նաև բանավոր վճիռ կայացնելու (վճռի գրավոր համառոտագիրն ըստ պահանջի տրամադրելով կողմերին) և դրա էությունը պարզ ու հասկանալի լեզվով կողմերին բացատրելու պրակտիկան։ Սա նպաստում է բողոքների քանակի նվազմանը։ Հոլանդացի գործընկերները կարևորել են հաշտարարության ինստիտուտից ակտիվ օգտվելը։

Տպել
Ամենաշատ