News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը


Նախօրեին նշանակված երեք նախարարները ամենակարճ պաշտոնավարման ռեկորդ սահմանեցին՝ նախարարի պորտֆելը զբաղեցնելով ընդամենը մի քանի ժամ։ Արդեն երեկոյան վարչապետի հրաժարականից հետո նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը և բոլոր նախարարները դարձան նախարարի պաշտոնակատար։

Չնայած դրան՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պահպանելով ընթացակարգը, այսօր սպորտի, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման նախարարությունների աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ պաշտոնակատարներին։

Դաշնակցության քաղաքական ապահարզանների արդյունքում ամենաշատը նախարարական աթոռներ փոխած Արծվիկ Մինասյանի հրաժեշտի խոսքը և մաղթանքը նորանշանակ Տիգրան Խաչատրյանին հումորով էր՝ սեփական դառը փորձի ակնարկով։

Սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին աշխատակազմին ներկայացնելու կարիք չկար։ Գագիկ Ծառուկյանի կադրը նախկինում երկու տարի զբաղեցրել է այս պաշտոնը։

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գրիգորյանը Փաշինյանի կառավարության հերթական վիճահարույց կադրն է։ Նրա նշանակումից հետո մամուլը միանգամից հիշեց՝ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր անցկացրել նրա ղեկավարած «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակում» և պարզել, որ միջազգային վարկերն ու դրամաշնորհներն արդյունավետ չեն ծախսվել։

Առավոտյան Փաշինյանը հասցրեց այցելել նաև Հյուսիսային պողոտայում բացված սիրիահայերի ձեռքի աշխատանքի ցուցահանդես–տոնավաճառ, սիրիահայերի հետ սելֆիներ արեց, հարցուփորձ արեց նրանց կեցության և աշխատանքի պայմանների մասին, հիշեցրեց, որ կառավարությունը պատրաստվում է  հարկային բեռից ազատել փոքր բիզնեսը, խորհուրդ տվեց ճիշտ մարկետինգ իրականացնել՝ նույնիսկ եթե դրա համար հարկավոր է իր պատկերով և «դուխով» գրառմամբ կախազարդեր վաճառել։

Սնունդ վաճառող սիրիահայերը Փաշինյանին բաց չէին թողնում՝ առանց հյուրասիրելու։ Ստիպեցին կուշտ նախաճաշ անել։

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր վերջին վիճահարույց նշանակումներին, մասնավորապես, Հունան Պողոսյանին Սյունիքի մարզ գործուղելուն, Փաշինյանն ասաց՝ անթերի մարդիկ չկան, նախկին իշխանությունների հետ աշխատած լինելը դատավճիռ չէ, իր կառավարությունում կան և էլի կարող են լինել ՀՀԿ–ականներ։ Այնուամենայնիվ, սահման կա, որը Փաշինյանը չի անցնի. Վլադիմիր Գասպարյանը, օրինակ, չի լինի իր կառավարությունում։

Եթե վարչապետի հրաժարականից հետո նախատեսված երկու շաբաթվա ընթացքում Ազգային ժողովը լուծարվի, հնարավոր է՝ մինչև այդ չհասցնի ընդունել 2019 թվականի բյուջեն։ Մամուլը գրում է, որ այս իրավիճակը նույնիսկ ձեռնտու է Փաշինյանին։ Այդ դեպքում կգործեն նախկին բյուջեի համամասնությունները, ինչը նշանակում է, որ նոր կառավարությունը հնարավորություն կունենա շրջանցելու օրինակ, աշխատավարձերը, կենսաթոշակները բարձրացնելու խոստումները։ Փաշինյանը հին բյուջեով 2019–ը գնալու մեջ խնդիր չի տեսնում։

ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի աղմկահարույց հայտարարությանը, թե Հայաստանը Արցախի հիմնախնդրի ցանկացած լուծման պարագայում է ստիպված է լինելու որոշ տարածքներ վերադարձնել, Փաշինյանը լուրջ չի վերաբերվում։

ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նման մոտեցումը դեսպանի հայտարարությանը անլուրջ է համարում։ Այդ մակարդակով պատահական հայտարարություններ չեն արվում։

Փաշինյանն այսօր սկսել է մասնակցել կիրակի կայանալիք ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուների քարոզարշավին։ Արմավիրում նա ընտրողներին կոչ է արել քվեարկել Դավիթ Խուդաթյանի՝ որպես հեղափոխական ուժի ներկայացուցչի օգտին։ Սակայն Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի քարոզարշավին Փաշինյանը չի մասնակցի։ Չի ուզում ընտանեկան կապերի չարաշահման ավանդույթը շարունակել։

Վաղը Փաշինյանը կմեկնի Էջմիածին՝ մասնակցելու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դիանա Գասպարյանի քարոզարշավին։

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է տուժողի կարգավիճակ ստանալ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի գաղտնալսման գործով։ Նրա ներկայացուցիչը նման միջնորդությամբ դիմել է նախաքննական մարմնին։ Քոչարյանի փաստաբանների կարծիքով՝ ձայնագրությունը իրենց պաշտպանյալի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողություններն ապացուցող փաստեր է պարունակում։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է։ Դատարանը նրան 5 միլիոն դրամի դիմաց ազատել է կալանքից։ Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար։ Նրանց ընտանիքին պատկանող գործարանի տարածքում հայտնաբերվել էր զենք–զինամթերք, որը ի սկզբանե հայտարարվել էր, թե կապ ունի Մարտի 1–ի հետ, սակայն ավելի ուշ ԱԱԾ այս հայտարարությունը հերքվել էր։

20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել նաև քրեական աշխարհում որպես Արտյոմ Կանեւսկոյ հայտնի՝ Արտյոմ Հարությունյանը։  Ըստ մեղադրանքի՝ նա դրդել է պաշտոնատար անձի՝ իրեն կեղծ անձնագիր տրամադրել։

Գեներալ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանը մի քանի անգամ մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այսօր գեներալի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է՝ իր պաշտպանյալին կալանքի տակ ապօրինի են պահում, հաշվի չեն առնում առողջական վատ վիճակը, իսկ նրա դեմ առաջադրված մեղադրանքը շինծու է։ Փաստաբանը գեներալի դեմ ձևավորված բացասական վերաբերմունքի հիմնական մեղավոր է համարում Նիկոլ Փաշինյանին։

Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ։ Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ,  եվրոյինը՝ 559, բրիտանական ֆունտինը՝ 635, իսկ ռուսական ռուբլունը՝ 7.38 դրամ:

Հոկտեմբերի 18-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, մի քանի մարզերում ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։ Մայրաքաղաքում վաղը գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 19․04․2019
Խորհրդարանի օրակարգում այսօր ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու հարցն էր, որ հատկապես զգայուն է...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 18․04․2019
Կառավարության նոր կառուցվածքի նախագիծը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 17․04․2019
Մարուքյանը նաեւ պաստառներ էր բերել՝ վիզուալ եւ մատչելի բացատրելու համար, թե ինչ կառուցվածք են իրենք պատկերացնում եւ առաջարկում․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 16․04․2019
Խորհրդարանի օրակարգում էր նաեւ Սահմանադրական դատավորի անդամի ընտրության հարցը….
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 15․04․2019
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն տվեց․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 12․04․2019
Բաղրամյանի անվան զորավարժարանում ապրիլի 1-ից սկսվել են հայ-ռուսական զորավարժություններ․․․․