News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շարունակվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա: Նախարար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտության եւ գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղար Գեորգ Շյութերի հետ։

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար`  Արայիկ  Հարությունյանը նշել է, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցից հետո համատեղ ծրագրերի մշակման համար մեծ հնարավորություններ են բացվել։ Մասնավորապես, կանցլերի այցի ընթացքում, ինչպես նախարարն է նշել,  քննարկվել էին հայ-գերմանական գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները,  ինչպես նաեւ Գերմանիայում Թումո կենտրոնի մասնաճյուղ  բացելու հարցը։

Անդրադառնալով Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումներին` ԿԳ նախարարը  Ա. Հարությունյանը  նշել է, որ ներկայումս նախատեսվում է սկսել ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների լայնածավալ ծրագրի մշակումը, որի վերաբերյալ քննարկումներ են եղել  նաեւ Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության եւ նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ։

Այս համատեքստում կողմերն անդրադարձել են գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀ ԿԳՆ գիտութան կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Սահակյանը ներկայացրել է երկկողմ  գիտական համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Նշվել է, որ կան համագործակցության լավ ավանդույթներ բնագիտության, մասնավորապես ֆիզիկայի ոլորտում, որը պետք է ընդլայնել՝ ընդգրկելով նաեւ տեխնիկական գիտությունները,  համատեղ ծրագրերի մշակելով  ոչ միայն Թումոյի, այլ նաեւ ռոբոտոտեխնիկայի Արմատ լաբորատորիաների  ծրագրերով։

Գ. Շյութերը եւս կարեւորել է երկկողմ գիտական համագործակցության ընդլայնման հարցը` ընդգծելով, որ այդպիսի փոխգործակցության հիմքը գիտնականների անձնական շփումներն ու կապերն են։ Նա ավելացրել է, որ ինքն աշխատանքի բերումով հանդիպել է շատ հայազգի գիտնականների  հետ եւ տպավորված է նրանց գործունեությամբ։

ՀՀ ԿԳ նախարարն ու ԳԴՀ գիտության եւ գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղարը պայմանավորվել են  ջանքեր ներդնել հայ-գերմանական գիտական կապերի ամրապնդման եւ հետագա զարգացման ուղղությամբ։

Տպել
Ամենաշատ