News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենի մասնակցությամբ աղմուկ հանած ձայնագրության վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի հետ: Վերջինս հայտնել է, որ տեղի ունեցածն էժանագին սադրանք է իր անձի դեմ եւ դպրոցն իրականում զերծ է որեւէ թեկնածուի քարոզչական գործընթացներին միջամտելուց:

«Դա սադրանք էր, ես լուրջ չվերաբերվեցի դրան ու իմ խոսքերն էրոնիայով օգտագործեցի: Չեմ կարող ասել, թե ում կողմից էր կազմակերպված, կպարզվի, բայց կարծում եմ, որ դա իմ անձի դեմ ուղղված էժանագին սադրանք էր, որովհետեւ մտածում եմ, ինչու հենց միայն ես, ինչու մեր դպրոցը»,-նշեց Բակլաչյանը:

Դիտարկմանը, թե գուցե պատճառն այն էր, որ Բակլաչյանը սատարում է Սեւակ Միքայելյանին, վերջինս պատասխանեց. «Ես էդպես՝ ակտիվ քաղաքական գործիչ չեմ, մտածում եմ, որ պարզապես զոհ դարձա: Լուսանկարներ էր հրապարակվել, որ ես մասնակցում եմ քարոզարշավին: Այո, մասնակցել եմ, բայց դա եղել է ոչ աշխատանքային օր, Ֆրանկոֆոնիայի օրերին էր, երբ ոչ աշխատանքային էր հայտարարված: Ընդ որում, էնպես չէր, որ կոլեկտիվ էր մասնակցում, այլ մեր դպրոցի 54-55 հոգանոց կոլեկտիվից ընդամենը 2-3 հոգի: Բայց ձեզ վստահեցնում եմ, որ մեր դպրոցում բացարձակ քարոզչություն կամ որեւէ այլ բան չի եղել, դա միանշանակ է, դա կարող են փաստել բոլոր ուսուցիչները: Ես հիմա մարզպետարանում եմ, սպասում եմ հանդիպման, ոչինչ ավել ասել չեմ կարող»:

Նշենք, որ հրապարակում եղել է նախօրեին, իսկ արդեն այսօր դպրոցի տնօրենն այցելել է մարզպետարան:

Նշենք, որ տեղի ունեցածի վերաբերյալ Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Լեւոն Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է. «Համադրելով այս դեպքը վարչական ռեսուրսի օգտագործման մասին մամուլում տեղ գտած նախորդ հրապարակումների հետ` կարելի է հստակ ասել, որ սա գործելաոճ է, ոչ թե պատահականություն կամ անփութություն։

Կարծում եմ` նոր Հայաստանում նման երեւույթները մերժելի են, եւ մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Հեղափոխությունը տեղի ունեցավ քաղաքական մշակույթի հենց նման դրսեւորումների պատճառով, եւ նախորդ իշխանությունների սխալները մենք իրավունք չունենք կրկնելու»։

Պատկան մարմիններից Լեւոն Ստեփանյանը պահանջում է ապահովել հավասար մրցակցություն, իսկ քաղաքական ուժերից ցանկանում է լսել հստակ դիրքորոշումներ նման դեպքերի վերաբերյալ։Նա հայտնել է նաեւ, որ ամեն ինչ կանի, որ արդարությունը վերականգնվի, իսկ մերժելի բարքերը վերջնականապես վերանան քաղաքից:

Հավելենք նաեւ, որ տեղի ունեցածի վերաբերյալ Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղի ունեցածը որակելով որպես սադրանք՝ ուղղված Սեւակ Միքայելյանի անձի դեմ՝ հայտնելով նաեւ, որ դատախազություն դիմում կներկայացնեն սադրանքի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» հայտարարել է, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սեւակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաեւ համայնքային դպրոցների տնօրենները, որոնք աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին եւ նույնիսկ աշակերտներին։

«Փաստերի ստուգման հարթակը» տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել են Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին եւ ներկայացել իբրեւ Սասուն Միքայելյանի օգնական։ Բակլաչյանին հարցրել են, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին։ Տնօրենը պատասխանել է, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին, նաեւ առաջարկել ներգրավվել դպրոցականներին՝ 9-րդ դասարանցիներին:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հիշյալ հրապարակումներն ուղարկվել են Կոտայքի դատախազություն, որպեսզի ստուգվեն հանգամանքները:

Հիշեցնենք, որ Հրազդանում համայնքի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին: Այսօր քարոզարշավի վերջին օրն է:Վաղը լռության օր է հայտարարվում: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ՝ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կրտսեր որդին՝ ՔՊ-ական Սեւակ Միքայելյանը եւ անկուսակցական Լեւոն Ստեփանյանը:

Հրազդանում Սեւակ Միքայելյանի համար վարչական ռեսուրս է չարաշահվում. Միքայելյանը հերքում է եւ դա սադրանք համարում

Տպել
Ամենաշատ