News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Երեւանի հանրություն» դաշինքը հանդես է եկել հայտարարությանբ, որտեղ անդրադարձել է Երեւանում բնակֆոնդի սեյսմակայունության ապահովման եւ թամանյանական ոճի շենքերի պաշտպանության անհրաժեշտությանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Երեւանը՝ խորհրդային շրջանում կառուցված, առանձնահատուկ, նրբաճաշակ, ինքնատիպ ազգային ճարտարապետությամբ քաղաք է։ Երեւանի Կենտրոնը միասնական ճարտարապետական համալիր է, որը կերտվել է թամանյանական դպրոցի տաղանդաշատ ճարտարապետների ջանքերով։ Այն իր ճարտարապետական կերպարով բարձր մշակութային արժեք է ներկայացնում ամբողջ հայ ազգի համար։

Վերջին շրջանում մասնագետներիս համար լուրջ մտահոգություն է դարձել բնակչության սեյսմիկ պաշտպանվածության բարձրացման անհրաժեշտությունը, որի հետ կապված քաղաքապետարանը տարիներ շարունակ չի ունեցել եւ այսօր էլ չի ներկայացնում որեւէ ծրագիր։

Այդ հարցի կապակցությամբ ս․ թ․ հոկտեմբերի 10-ին Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարությունը, որ «այն շենքերը, որոնք կառուցվել են Սովետական միության ժամանակ, կոնկրետ տարիներ ունեն, որը պետք է ծառայեն, այնուհետեւ պետք է փոխվեն, այսինքն՝ քանդվեն, իրենց տեղը պետք է կառուցվեն նորերը» եւ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում դա իրականացնել հնարավոր չէ, վկայում է, որ քաղաքի ղեկավարությունը հաշվի չի առնում Սպիտակի երկրաշարժի դառը դասերը։

Լիովին ակնհայտ է, որ քաղաքը պետք է ունենա բնակելի ֆոնդի ամրացման, արդիականացման եւ նորացման ծրագիր, եւ միաժամանակ անթույլատրելի է, որպեսզի գոյություն ունեցող շենքերի քանդումը իրականացվի կամայականորեն, առանց հաշվառելու քաղաքի պատմամշակութային եւ ճարտարապետական համայնապատկերը։

Որպեսզի բացառվի կոռուպցիոն ռիսկերը, կամայականությունները, մասնավորապես՝ բնակֆոնդի նորացումը թամանյանական ժառանգությունը քանդելու ճանապարհով, անհրաժեշտ ենք համարում «Երեւանի գլխավոր հատակագծի եւ Կենտրոնի պահպանման մասին օրենքի», ինչպես նաեւ, քաղաքի կենտրոնում շինարարության թույլտվություն շնորհելու ժամանակավոր դադարեցման մասին որոշման ընդունումը։

Անհարժեշտ ենք համարում նաեւ առկա բնակֆոնդի սեյսմիկ կայունության մասին հետազոտական ծրագրի իրականացումը, որի նպատակը պետք է լինի բնակելի շենքերի անձնագրավորումը, սեյսմակայունության ու ամրության գնահատումը, քանդման կամ ամրացման ենթակա շենքերի արձանագրումը, թամանյանական մշակութային արժեք ներկայացնող շենքերի անձեռնմխելիության, թարմացման ու ամրացման խնդիրների լուծումը։

«Երեւանի Հանրություն» դաշինքը կոչ է անում ՀՀ Կառավարությանը, Երեւանի քաղաքապետարանին առաջնային եւ կարեւոր խնդիրների շարքում դիտարկել նաեւ վերոնշյալները։

Կոչ ենք անում նաեւ մեր քաղաքացիներին միանալ մեզ եւ աջակցել՝ «Երեւանի գլխավոր հատակագծի եւ Կենտրոնի պահպանման մասին օրենքի» ընդունման եւ քաղաքի ղեկավարության համապատասխան որոշումներ ընդունման հարցի բարձրացման այս նախաձեռնությանը։

Տպել
Ամենաշատ