News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Շանթ Հարությունը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին,  Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո համացանցում տարածված տեսանյութին, որում Փաշինյանը, վկայակոչելով իր և Շանթ Հարությունյանի խոսակցությունը, ասում է, որ ձերբակալվածների պահման վայրում այն ժամանակ փոխոստիկանապետ հունան Պողոսյանը բռնություն է գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ։

«Ես անհարմար վիճակում հայտնվեցի այն ժամանակ, երբ հայտարարություն արեցի՝ հիմնվելով Շանթ Հարությունյանի խոսքերի վրա, եւ հետագայում Շանթ Հարությունյանը հրաժարվեց բացատրություն տալ եւ մարդիկ սկսեցին ինձ մեղադրել, թե ես սուտ եմ ասում։ Այո, անհարմար վիճակ էր, եւ մինչեւ հիմա անհարմար վիճակ է, որովհետեւ Շանթ Հարությունյանը մինչեւ հիմա չի հաստատել, որ ես դա իր խոսքերից եմ ասել, եւ չի տվել ցուցմունք եւ բացատրություն, բայց ես հիմա միջնորդել եմ, որ իրավապահ մարմինները նորից քննեն այդ գործը։ Եվ Հունան Պողոսյանի պատասխանատվությունը կլինի նոր Հայաստանի առաջ այդ քննության ժամանակ ամբողջ ճշմարտությունը պատմել, ինչ որ եղել է»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ չգիտի, թե ինչ է եղել, բայց որպես ՀՀ վարչապետ հարց է տվել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին այդ միջադեպի մասին եւ ստացել պատասխան. «Ես չեմ ասի՝ ինչ պատասխան, որովհետեւ կոռեկտ չեմ համարում։ Կարող եմ ասել, որ այդ պատասխանը ինձ բավարարել է։ Մնացածը թող քննություն լինի, պարզի, որովհետեւ ՀՀ–ում բոլորը, այդ թվում այս հարթակին կանգնած բոլորը, հավասար են օրենքի առաջ, Հայաստանում չկան եւ չեն լինելու արտոնյալներ»։

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 6–ին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել էր ձերբակալվածների պահման վայրում գտնվող Շանթ Հարությունյանին, ով տեղեկացրել էր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իր նկատմամբ կիրառած բռնության մասին։

Ըստ Շանթ Հարությունյանի՝ ոստիկանության Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։

«Պատմել են, որ Վլադիմիր Գասպարյանը ապտակներ է հասցրել իրենց՝ ուղղորդված հայհոյանքներով։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ առավել լկտի հայհոյանքներով հանդես է եկել Հունան Պողոսյանը։ Այդ նույն տեսարանը, ըստ էության, ներկայացրին եւ Շանթ Հարությունյանը, եւ Վարդան Վարդանյանը»,- ասել էր Փաշինյանը։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013թ. նոյեմբերի 8-ին` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` 2014թ. հոկտեմբերի 17-ի դատավճռով` Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

2015թ. սեպտեմբերին Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ներպետական ատյաններում արդարադատության հասնելու հնարավորությունները սպառելով, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Տպել
Ամենաշատ