News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը


Գազի եւ ելեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումն այս պահին նախընտրական նկատառումներով է արվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «նախընտրական փուչիկ» չէր հանձնաժողովի ստեղծումն այս պահին:

«Եկեք մի պահ վերանանք փուչիկ ֆրազից, որակումից, որն իր մեջ պարունակում է ակնհայտորեն նախընտրական նկատառումներ, կարծում եմ՝ որեւիցե մեկի մոտ դա գաղտնիք չէ, եւ նույնիսկ կարծում եմ դա չեն էլ քննարկում: Բոլորն էլ, ովքեր որ ներկայացված են, հատկապես նախկին իշխանությունից ներկայացվածները ակնհայտորեն կարող են հետապնդել այդպիսի նպատակ: Այստեղ խնդիրը մի քիչ այլ է, եթե նույնիսկ հետապնդում են նախընտրական նպատակ, ես քննադատելու բան չեմ տեսնում, ուղղակի եթե քննարկում  են, գոնե արդյունք տան, դա շատ կարեւոր է: Ես կափսոսամ, որ  հանձնաժողովում ընդգրկված անձինք ներգրավվեն նախընտրական գործունեության մեջ եւ ուղղակի ֆիզիկապես չհասցնեն, քանի որ ոլորտն իրոք սոցիալական բազմաթիվ խավերի հետաքրքություններ եւ շահեր է շոշափում, եւ ես այդ  կարծիքին չեմ, որ այս ոլորտում անելիքներ չկան»,-ասաց պատգամավորը:

Հարությունյանի խոսքով՝ ինչքան էլ հանձնաժողովի ստեղծումը նախընտրական նպատակներ հետապնդի, միեւնույն է, ինքը կցանկանար, որ այն արդյունք տար:

«Այո, այս նախաձեռնությունը կարող է ունենալ նաեւ նախընտրական տրամադրվածություն, բայց հաշվի առնելով, որ այն հետաքրքրում է մեր համաքաղաքացիների առօրեական, կենցաղային հետաքրքրությունները շատ ցանկալի կլիներ, որ այն ինչ-որ մի պրոդուկտ արդյունքում տար: Դա նշանակում է շատ մոբիլիզացված աշխատել, կենտրոնանալ մեկ, առավելագույնս 2 խնդիրների վրա եւ գոնե այդ խնդիրներով հասնել արդյունքի, որն առաջիկա խորհրդարանը կամ նույնիսկ գործադիրը կարողանա օգտագործել որպես ձեռքբերում կամ առաջարկություն կարգավորումների տեսանկյունից: Այդ խնդիրներից կարող է լինել հոսանքի եւ գազի սակագինը, դա աշխատատար պրոցես է, դա լուրջ վերլուծություններ պահանջող խնդիր է, իհարկե, չենք կարող շրջանցել այդ հարցադրումը, բայց գոնե գազի սակագնի մեծությունը կանխորոշող 1-2 գործոն քննարկենք մինչեւ վերջ»,– ասաց նա:

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ աշխատանքային խմբեր կան ստեղծված, որոնք այս հարցով զբաղվում են եւ իրենց խնդիրը պետք է լինի ոչ նրանց կրկնել, ոչ էլ փոխարինել, այլ փորձել այս ամենն ուսումնասիրել:

Հարցին թե, հանրությունը կարո՞ղ է ակնկալել, որ այս քննարկումներից հետո գազն ու հոսանքը կէժանանան, Խոսրով Հարությունյանը ասաց, որ զերծ կմնա որեւէ գնահատական տալուց: Այնուամենայնիվ, պատգամավորի կարծիքով՝ գազի եւ հոսանքի էժանացման հնարավորություն կա համակարգում:

«Հասկանում եք՝ եթե 1 տոկոս էլ էժանանա, դա բավական մեծ գումար է կազմում, մենք պետք է հասկանանք՝ դրա ռեալ ռեզերվը կա, թե ոչ: Դրա համար ես ձեռնպահ կմնայի որեւէ տոկոս արձանագրելուց: Միաժամանակ, շատ զգույշ կմնայի, որովհետեւ սա այն ոլորտն է, որտեղ եթե մենք փորձենք պոպուլիստական մղումներով քայլեր կատարել եւ որոշումներ պարտադրել, կարող է՝ համակարգը վտանգենք, վաղը գազ ունենանք, բայց այդ գազն այդպես էլ չհասնի գազ սպառողին: Արդյոք կա՞ ռեսուրս, կարծում եմ՝ այո, թե որքա՞ն՝ չեմ կարող ասել: Դա ուսումնասիրման անհրաժեշտություն ունի»,- ասաց նա:

Տպել
Partner news