News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մշտապես ասել եմ, որ Վենետիկի հանձնաժողովը չի պատրաստվում եւ երբեւէ չի փոխելու իր սկզբունքները եւ դիրքորոշումները, անկախ Եվրոպայի խորհրդի անդամ որեւէ երկրում առկա քաղաքական ոչ ստանդարտ կամ ստանդարտ իրավիճակներից։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա մի քանի անգամ հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոյի հետ եւ համոզվել, որ հանձնաժողովը մշտապես հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը. «Ի սկզբանե պարզ էր, որ Վենետիկի հանձնաժողովը չի կարող եւ չի հասցնի եզրակացություն տալ ընտրական այն օրենսգրքին, որը դեռեւս չի ընդունվել ԱԺ կողմից եւ ի սկզբանե պարզ էր, որ Վենետիկի հանձնաժողովը չի փոխելու իր սկզբունքային դիրքորոշումը առ այն, որ եթե փոխվում է Ընտրական օրենսգիրք, ապա ընտրությունները պիտի տեղի ունենան Ընտրական օրենսգրքի փոփոխությունից առնվազն մեկ տարի հետո, իսկ վատթարագույն դեպքում առնվազն գոնե 7–8 ամիս հետո»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը։

 «Ծառուկյան» դաշինքի անունից Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կողմ են փոփոխություններին, հատկապես որ ընդունվել է իրենց առաջարկը 4–րդ քաղաքական ուժի՝ նվազագույն 2 տոկոսով խորհրդարան մտնելու մասին։ «Ելքը» նույնպես կողմ կքվեարկի։ ՀՅԴ–ի եւ ՀՀԿ–ի դիրքորոշումը պարզ չէ, բայց Նաիրա Զոհրաբյանը կուզենար, նրանք էլ կողմ լինեին եւ ունենայինք կոնսենսուս, քանի որ Վենետիկի հանձնաժողովի նախահաի հայտարարության մեջ ասվում է, որ կոնսենսուսի դեպքում իրենց վերապահումները պակաս կարեւոր կդիտվերին։

Այսուհանդերձ, եթե կոնսենսուս չլինի, Նաիրա Զոհրաբյանը մեծ խնդիր չի տեսնում. «Կոնսենսուսը «սուրբ կով» չէ, որի հանդեպ պետք է սրբազան սարսուռ լինի։ Շատ լավ կլինի, որ լինի, բայց եթե չեղավ եւ ձայները բավարարեց, որ Ընտրական օրենսգիրքն անցնի, Վենետիկի հանձնաժողովը կոնսենսուսի բացակայության վրա եւս աչք կփակի»։

Նա ընդգծեց, որ ոչ Վենետիկի հանձնաժողովը, ոչ միջազգային որեւէ այլ կառույց Հայաստանին չի կախելու, միջազգային կառույցները ընդամենը խորհրդատվական բնույթ ունեն։

Զոհրաբյանը կարեւորում է Ընտրական օրինագծի բարեփոխումների փաթեթի ընդունումը, քանի որ, նրա համոզմամբ, կարեւոր խնդիր է լուծվում եւ հանվում է ընտրությունները ապաքաղաքականացրած ռեյտինգային համակարգը։ 

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոյի Հայտարարության մասին, որով վերահաստատվում են Վենետիկի հանձնաժողովի վերապահումները, եթե ընտրական համակարգի էական փոփոխություններ, ինչպիսիք են՝ տարածքային ցուցակների վերացումը, կատարվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում, ինչպես նաեւ, որ այդ վերապահումները կարող են պակաս կարևոր լինել, եթե փոփոխություների մասով քաղաքական ուժերի միջև առկա լինի կոնսենսուս:

 

Տպել
Ամենաշատ