News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկան միգրանտների անօրինական ներխուժում թույլ չի տա, սահմանը կարող են հատել միայն վիզա եւ անհրաժեշտ փստաթղթեր ունեցող միգրանտները։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոն՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ուրբաթ երեկոյան մի խումբ միգրանտներ, կոտրելով Մեքսիկայի եւ Գվատեմալայի սահմանի մետաղյա ցանցը, որը բաժանում էր երկու երկրներին, ներխուժել են Մեքսիկա։ Ըստ տեղեկատվության՝ միգրանտներն իրենց ճանապարհը փակող ոստիկանների վրա քարեր են նետել, ինչի հետեւանքով 15 մարդ վիրավորվել է։

«Ինչպես ցանկացած պետություն, Մեքսիկան եւս թույլ չի տալիս եւ թույլ չի տա անօրինական ու մանավանդ բռնություններով ուղեկցվող ներխուժում իր տարածք։ Ագրեսիվ արարքները ոչ միայն հարվածի տակ են դնում երկրի անկախությունը, այլ նաեւ վտանգ են ստեղծում հենց իրենց՝ միգրանտների համար։ Հատկապես՝ երեխաների, կանանց եւ մեծահասակների համար»,- հայտարարել Է Նետոն։

Նա հավելել է, որ Մեքսիկա այցելելու ցանկություն ունեցող ցանկացած մարդ «կարող է դա անել՝ ունենալով համապատասխան փաստաթղթեր եւ Մեքսիկայի կողմից տրված վիզա»։

Բացի այդ, նախագահը նշել է, որ երկիրը պատրաստ է անհատական կարգով նայել օրինական ճանապարհով սահմանը հատած փախստականների եւ միգրանտների կարգավիճակի հարցը։

Ավելի վաղ Aristegui Noticias կայքը հայտնել էր, որ Գվատեմալայի կողմից Մեքսիկայի սահմանին են մոտեցել 4,6 հազար միգրանտներ։ Մեքսիկական իշխանությունները խոստացել են անցուղի բացել եւ 50 մարդուց բաղկացած խմբերի հերթով ներս թողնել, սակայն ոմանց համար դա ընդունելի չի եղել, քանի որ նրանք անհրաժեշտ փաստաթղթեր չեն ունեցել։

Այս պահին միգրանտների երկու քարավան Կենտրոնական Ամերիկայից շարժվում է դեպի ԱՄՆ։ Նրանց ճանապարհին Մեքսիկան է, որը հայտարարել է, որ հարգում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, սակայն նրանք էլ պարտավոր են հարգել իրենց օրենսդրությունը։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ