News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Լիբանանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Լիբանանում գործող հայ ավանդական կուսակցությունների՝ Հայ հեղափոխական դաշնակցության, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին` ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ատենապետ Հակոբ Բագրատունու, ՍԴՀԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Սեպուհ Կալպակյանի եւ ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Ավետիս Դաքեսսյանի գլխավորությամբ:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Լիբանանի ավանդական հայ կուսակցությունների հետ հանդիպումը` Հայաստանի զարգացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացման եւ համահայկական օրակարգի հարցերը քննարկելու առումով: Նա ընդգծել է իր առանձնահատուկ վերաբերմունքը Լիբանանի հայության եւ երիտասարդության նկատմամբ` շնորհակալություն հայտնելով թավշյա հեղափոխության ժամանակ նրանց աջակցության եւ ակտիվ դիրքորոշման համար:

Ավանդական հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կարեւորել են Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան` նշելով, որ այն կնպաստի երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունների սերտացմանը: Նրանք ողջունել են Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում կատարվող փոփոխությունները եւ Նիկոլ Փաշինյանին են փոխանցել Լիբանանի հայության պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի եւ Հայաստանի հզորացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաեւ հայ-լիբանանյան բազմաոլորտ կապերի խորացմանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Լիբանանի հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին, ընթացիկ իրավիճակին եւ առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր:

ՀՅԴ, ՍԴՀԿ եւ ՌԱԿ ներկայացուցիչներն ընդգծել են, որ անհրաժեշտ է պահպանել ժողովրդական միասնության, համախմբվածության ոգին` կարեւորելով ՀՀ քաղաքական ուժերի միջեւ երկխոսության շարունակականությունը` ի շահ Հայաստանի առաջընթացի: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ կառավարությանը՝ նոր Հայաստանի զարգացման տեսլականը կյանքի կոչելու գործում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իր կեցավայրում նաեւ հանդիպում է ունեցել Լիբանանի հայկական «Ազդակ», «Արարատ» օրաթերթերի գլխավոր խմբագիրների եւ «Սեւան», «Վանա ձայն» ռադիոկայանների տնօրենների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ