News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հրազդանի քաղաքապետի 24-ամյա թեկնածու Լեւոն Ստեփանյանը քվեարկության էր եկել իր տատիկի հետ: Այսօր՝ հոկտեմբերի 21-ին Հրազդանի թիվ 26/01 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում Լեւոն Ստեփանյանը հայտարարեց, որ քվեարկելու է հանուն արդարության եւ նոր Հրազդանի:

Նրա խոսքով՝ քարոզարշավի ընթացքում իր մրցակից Սեւակ Միքայելյանը («Ելք»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին) վարչական լծակներ է օգտագործել:

«Ինչ-որ չափով անհավասար մրցակցություն եղել է, բայց  ոչ մեծ չափերի»,-նկատեց նա:

Հարցին, թե ի՞նչ դեր է խաղալու այս ընտրություններում ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի անձը, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Սասուն Միքայելյանը մեր քաղաքում որոշ շրջանակներում ունի սիրված եւ ճանաչված վարկանիշ եւ տվյալ շրջանակի մարդիկ, մեծ հաշվով քվեարկելու են  ոչ թե Սեւակ Միքայելյանին, այլ որպես Սասուն Միքայելյանի որդու»:

Լեւոն Ստեփանյանը նշեց, որ չընտրվելու դեպքում պատրաստ է սեղմել Սեւակ Միքայելյանի ձեռքը, սակայն նրա առաջարկությամբ քաղաքապետարանում որեւէ պաշտոն չի ստանձնի. «Բացառում եմ բոլոր քաղաքական պաշտոնները, ես գործարար եմ եւ, եթե չընտրվեմ գործարարությամբ կզբաղվեմ իմ գործարարությամբ»:

Լեւոն Ստեփանյանը նշեց, որ 24 տարեկանում իր համար դժվար չի լինի կառավարել քաղաքը. «Ես միայնակ չեմ լինելու, ես ունեմ քաղաքական թիմ, ես ունեմ Հրազդանցիներ ովքեր պատրաստ են իմ կողքը կանգնել»:

Անդրադառնալով  Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի կողմից  իր հետ կապված աղմկահարույց ձայնագրությունը հումոր որակելուն, Ստեփանյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա հումոր էր: Ես դատապարտել եմ  մեր երկրում ուսուցչի կամ տնօրենի կողմից նման պահվածքը եւ հորդորում եմ մնացած ուսուցիչներին  տնօրենների  կատարել իրենց լիազորությունները»:

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետ դառնալու համար պայքարում են անկուսակցական, «Մայ քորնր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 24-ամյա Լեւոն Ստեփանյանը եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակից, ՔՊ անդամ 25-ամյա Սեւակ Միքայելյանը: Վերջինս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է:

Նշենք, որ ընտրությոների սկզբնական փուլում Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին հինգ թեկնածուներ, որոնցից մեկի գրանցումը մերժել էին, մեկը հետ էր վերցրել փաստաթղթերը, մյուսն էլ գրանցումից հետո ինքնաբացարկ էր հայտնել։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 128 թեկնածուներից 126-ը ինքնաառաջադրվել են, մեկական  թեկնածու են առաջադրել Բարգավաճ Հայաստան եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունները:

Հայտնի հեռախոսային ձայնագրության հետքերով. Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրենին «Խիստ նկատողություն» է տրվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ