News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես շատ ցավում եմ, որ Կարեն Ստեփանյանը լինելով իրավաբան, նման բան է ասում, որովհետեւ ես նրան ընդամենը ասել եմ, որ այդ քվեաթերթիկի դեպքով զբաղվելու են իրավապահ մարմինները, դա նորմալ է, դա սպառնալիք չէ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ը, քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, ՔՊ անդամ Դիանա Գասպարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե թեկնածուներից Կարեն Ստեփանյանը հայտարարել է, որ Դիանա Գասպարյանն իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել կապված քվեաթերթիկները որպես քարոզչանյութ օգտագործելու հետ:

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ Կարեն Ստեփանյանը դիմել է «ստոր եւ դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին եւ այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա»։ Ըստ նրա՝ թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից քարոզարշավի ընթացքում տարածվել են քվեաթերթիկի ձեւական օրինակներ, որտեղ շատ թեկնածուների համարները սխալ են նշված:

Այս առնչությամբ, իր հերթին Կարեն Ստեփանյանը հայտարարել է, որ Դիանա Գասպարյանի կողմից թյուրըմբռնում է եղել. «Ընդամենը եղել է որոշակի անվանացանկ, քվեաթերթիկի ձեւական օրինակ չի եղել, թյուրըմբռնման արդյունք է եղել վերջինիս կողմից։ Դա նորմալ էր, օրենքով չարգելված։ Դա  որոշակի շեղում էր, որպեսզի քարոզարշավային ստանդարտ վիճակից դուրս գանք։ Մնացած թեկնածուներն այնքան ճիշտ ընդունեցին դա, որ նույնիսկ հումոր էին անում դրա վերաբերյալ»։

Նշենք, որ Էջմիածնում քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է 12 թեկնածու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի թեկնածությունը։ Թեկնածուներ են նաեւ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը եւ «Յունիբանկի» տեղի մասնաճյուղի ղեկավար, ԲՀԿ-ական Վահե Մովսիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ