News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հրազդանի քաղաքապետի թեկնածու Լեւոն Ստեփանյանի մայրը՝ Անահիտ Ստեփանյանը ահազանգում է ընտրութունների ընթացքում տեղի ունեցող խախտումների մասին։ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում Անահիտ Ստեփանյանը նշեց, որ ընտրություններում զգացվում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի գործոնը․ «Ընտրություններում Սասուն Միքայելյանի գործոնն ամենամեծն է, շատ մեծ ազդեցություն ունի նրա գործոնը Հրազդանում, բայց չեմ հասկանում բնակչության  ահն ու սարսափը։ Վախենում են աշխատանք կորցնելուց, քանի որ բոլոր նորանշանակ պաշտոնյաները նրա (Սասուն Միքայելյանի-խմբ․) մարդիկ են»։ 

Նա տեղեկացրեց, որ իր երկու ազգականները այսօր քվեարկության չեն կարողացել մասնակցել, քանի որ հայտնաբերել են, որ իրենց անունները ընտրողների ցուցակում չկան։ Դա ճշտելու նպատակով Անահիտ Ստեփանյանը ազգականների հետ եկել էր ոստիկանության Հրազդանի անձնագրային բաժանմունք, որտեղ պարզել էր, որ վերջիններիս անունները հանված են հաշվառումից։

Ազգականների խոսքով՝ իրենք նախկինում կարողացել են մասնակցել ընտրություններին եւ ցուցակների հետ կապված խնդիրներ չեն առաջացել։

Ոստիկանության Հրազդանի անձնագրային բաժանմունքից էլ հայտնեցին, որ խնդիրը կապված է հաշվառման հետ, քանի որ տան սեփականատերը, որտեղ վերջիններս գրանցված էին, դեռեւս օգոստոսին դիմել է, որ ցուցակից հանեն նրանց անունները, իսկ խնդիրը պետք է կարգավորել կադաստրում։ Մինչդեռ թեկնածուի մայրը պնդում է, որ նրանք պետք է այսօր մասնակցեն քվեարկությանը։

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետ դառնալու համար պայքարում են անկուսակցական, «Մայ քորնր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 24-ամյա Լևոն Ստեփանյանը և «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակից, ՔՊ անդամ 25-ամյա Սևակ Միքայելյանը: Վերջինս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է: Նշենք, որ ընտրությոների սկզբնական փուլում Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին հինգ թեկնածուներ, որոնցից մեկի գրանցումը մերժել էին, մեկը հետ էր վերցրել փաստաթղթերը, մյուսն էլ գրանցումից հետո ինքնաբացարկ էր հայտնել։

Տպել
Ամենաշատ