News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Սոցցանցերում հակառակորդ թեկնածուների, կեղծ օգտատերերի կողմից բավականին անպարկեշտ եւ վիրավորական արտահայտություններ են եղել իմ հասցեին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Էջմիածնում քաղաքապետի ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դիանա Գասպարյանը:

«Աայս քաղաքում եթե կա որեւէ մեկը, որ պետք է ագրեսիվ հակաքարոզչությունից բողոքի, դա ես եմ, բայց ես փորձում եմ դրան ուշադրություն չդարձնել: Ես շատ տղամարդկանցից շատ ավելի տղամարդ եմ եղել այս ընտրությունների ժամանակ, երբեք չեմ իջել բամբասանքների մակարդակի, ես կարծում եմ, որ ընտրողը դա տեսել է: Ես որեւէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, ընդ որում՝ նաեւ Կարեն Ստեփանյանին. նա պնդում է, որ ես իրեն ստոր եմ անվանել, այնինչ ես արարքն եմ ստոր անվանել, դրանք տարբեր բաներ են»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ կանայք ուժեղ են եւ կարող են պայքարել կլանի կամ ցանկացած արատավոր երեւույթի դեմ. «Բայց արդյոք հաջողվե՞լ է Էջմիածնից դա արմատախիլ անել, մենք կիմանանք ընդամենը մի քանի ժամից, երբ ավարտվեն ընտրությունները:

Այդ կրիմինալ կամ կլանային կոչվածը մի քիչ միֆականացված է, կան թաղային խմբեր, հեղինակություններ, դրանք հանցավոր պարտադիր չէ լինեն, պարզապես թաղային «թայֆայական» շրջանակներ են, որեւէ մեկը չի ասում, որ Էջմիածնում իրար վրա կրակում են»,- ասաց նա:

Հարցին, թե Էջմիածնում կա՞ն օլիգարխների, Դիանա Գասպարյանն ասաց. «Օլիգարխի սահմանումը բարդ է եւ հակասական, բայց ես կարծում է, որ օլիգարխներ չկան»:

Նա նկատեց, որ եթե Էջմիածնում հաղթի ինքը կամ մյուս կին թեկնածուն, ապա Էջմիածինը լինի այն քաղաքը, որտեղ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կընտրվի կին քաղաքապետ:

Նշենք, որ Էջմիածնում քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է 12 թեկնածու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի թեկնածությունը։ Թեկնածուներ են նաեւ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը եւ «Յունիբանկի» տեղի մասնաճյուղի ղեկավար, ԲՀԿ-ական Վահե Մովսիսյանը:

Տպել
Ամենաշատ