News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու եւ Երեւանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ Հայկ Մարությանը բարձր է գնահատել Երեւանի եւ Մարսելի միջեւ հաստատված 26-ամյա համագործակցությունն ու համոզմունք հայտնել, որ գալիք տարիներին համատեղ ուժերով երկու քաղաքները նորանոր ծրագրեր կյանքի կկոչեն:

«Երեւանն ու Մարսելը համագործակցության լայն հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման առումով: Վստահ եմ, որ գալիք տարիներին եւս համատեղ ուժերով կշարունակենք կյանքի կոչել նոր ծրագրեր՝ ի շահ Երեւանի ու Մարսելի բնակիչների»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանն ու կարեւորել հայազգի փոխքաղաքապետի  անձնական ներդրումը երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության հարցում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ շնորհավորելով Հայկ Մարությանին` Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ, Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի անել հնարավորը՝ երկու քաղաքների համագործակցությունն  առավել ամրապնդելու եւ խորացնելու համար:

Կողմերն անդրադարձել են նաեւ Երեւան-Մարսել համագործակցության համաձայնագրով իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ նախանշել անելիքները:

Տպել
Ամենաշատ