News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազատամուտի համայնքապետին ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հորդորել է հրաժարական տալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանը։

«Ես Կիրովական էի, եկա, սպասել էին, ինձ տարան իմ կաբինետը, Սանասարյանն ասաց` իրավիճակը շատ է սրված, լարված, ինչ անենք, որ իրավիճակը լավանա: Ասի` ես հրաժարական չեմ տալու, բա`որ չես տալիս, թերություններ կունենաս, քեզ կնեղացնեն, երկուշաբթի օրը ուղարկում եմ, որ գան ստուգեն: Ասացի`ուղարկեք, թող գան, ստուգեն: Դրանից հետո ինքը հեռացավ, էն մնացած 3 հոգին ասացին`էլ Սանասարյանին չես տեսնելու, քանի բանը բանին չի տվել-անցել, այդ գործը կատարի, հրաժարական տուր: Այդ աշխատողներից մեկի ազգանունը Վանյան է, մյուսներինը` չեմ հիշում։ Ասացին` քանի շուտ է՝ այդ բանն արա, թե չէ գործ կսարքենք, քո թոռն էլ է նստելու, քո տղեն` էլ, դու՝ էլ: Ես էլ ասացի՝ կանդալները բերեք- դրեք, ես հրաժարվում եմ: Վանյանը վերջում ասաց, եթե չես համաձայնվում, երկուշաբթի օրը 10 հոգով գալիս են, ստուգեն: Վանյանն ասում էր `քեզ 2-8 տարի է հասնում: Ես հրաժարական չեմ տալու մինչեւ իմ ընտրությունները, ընտրություններին էլ իմ թեկնածությունը դնելու եմ»,-ասաց համայնքապետը։

Համայնքապետի խոսքով՝ ինքն այս թեմայից այնքան է նեղսրտում, որ արդեն սրտի խնդիրներ ունի, բժիշկներն էլ իրեն հորդորել են հանգիստ մնալ։

«Ինձ շատ են անհանգստացնում այս մասով, ես չեմ կարում ներվայնանում եմ։ Սրտիս մկանը վնասվել է, ինձ չի կարելի ներվայնանալ, էլ պրծանք»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատամուտ համայնքի ղեկավարին 2 մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու համար։

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականներին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժ.Մարտիրոսյանը համայնքի բյուջեից ստացել և առերևույթ յուրացրել է իր անվամբ դուրս գրված և որպես գործուղման վճարներ ձևակերպված ընդհանուր 276.000 ՀՀ դրամ զգալի չափերով գումար:

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ՝ Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով: Ժ. Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում էր կայացվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ