ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգթոնը բանակցություններ է վարել տեղեկությունների փոխանցման Բելգիայում մշակված միջբանկային SWIFT համակարգի հետ այդ համակարգից Իրանին անջատելու շուրջ, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Reuters-ն։
Վաշինգթոնը ճնշում է գործադրում SWIFT-ի վրա, որ Իրանին անջատեն համակարգից, ինչպես դա արվեց 2012 թվականին՝ մինչեւ միջուկային գործարքի կնքումը։ Չնայած դրան, ԱՄՆ-ն SWIFT տնօրենների խորհրդում չունի մեծամասնություն, ուստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է պատժամիջոցներ սահմանել SWIFT-ի դեմ, մինչեւ որ այդ համակարգում համաձայնեն Իրանին անջատել։
«Ես կարող եմ հավաստիացնել, որ մեր նպատակն է հասնել նրան, որ պատժամիջոցների ներքո հայտնվող գործարքնեը չանցնեն ոչ SWIFT-ի, ոչ մեկ այլ մեխանիզմի միջով։ Մեր նպատակն է այնպես անել, որ պատժամիջոցները սկսեն գործել»,-հայտարարել է Մնուչինը։
Նա հրաժարվել է մանրամասներ ներկայացնել բելգիական ընկերության հետ բանակցություններից։
Մնուչինը հավելել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշել է այն բանկերը, որոնք կարող են գործարքներ առաջարկել Իրանին երկրին հումանիտար օգնության նպատակով։