News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Պատրաստվելու ենք ընտրություններին եւ քննարկելու ենք օրինագիծը կրկին ԱԺ բերելու տարբերակը՝ուղղակի չգիտեմ ժամանակային առումով որքանով է դա հնարավոր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի՝ ԱԺ–ում  չընդունվելուց հետո իրենց քայլերը։

Փողոցային ճնշումներով Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ԱԺ–ում անցկացնելը Ալեն Սիմոնյանը նպատակահարմար չի գտնում. «Եթե դրա կարիքը լիներ, հիմա արդեն կլիներ»։

Ինչո՞ւ Խորհրդարանում ներկա չէին Ընտրական օրենսգրքին կողմ քաղաքական ուժերի բոլոր պատգամավորները, որոնց քվեները բավարար կլինեին փոփոխություններն ընդունելու համար, Սիմոնյանը մեկնաբանեց. «Գործուղումներ կան, առողջության խնդիր կա, անպատրաստության խնդիր կա»։

 Նա հավելեց, որ այսպիսի զարգացում չէին բացառում եւ հօդս ցնդեց եւս մեկ կարծիք, որ իրենք փորձում են ամեն պարագայում մարդկանց բերել կամ ինչ–որ ձեւով ազդել. «Քաղաքական ազդեցություն բնական է՝ կա, մնացածը տեսաք»։

«Ծառուկյան» դաշինքի մեղքը «Ելքի» պատգամավորը չի տեսնում օրինագծի տապալման հարցում, Գագիկ Ծառուկյանի բացակայությանն էլ ըմբռնումով է մոտենում. «Չեմ ուզում նման շեշտադրում անենք, որովհետեւ ակնհայտ է, որ «Ծառուկյան» դաշինքն ամեն ինչ արեց, որպեսզի անցնի եւ ամենաշատ ջանք գործադրողները իրենք էին»։

Օրինագծի չանցնելու համար նա մեղադրում է ՀՀԿ խմբակցությանը. «Սա փոքրիկ սաբոտաժ էր ՀՀ ժողովրդի դեմ։ Եւս մեկ անգամ ապացուցվեց, որ այս ԱԺ–ն պետք է ցրվեր։ Ցավում եմ, որ Հանրապետական մեր գործընկերները եւս մեկ անգամ որոշեցին վերջում մի վատություն էլ անել քաղաքական դաշտին»։

Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հնարավորություն էին տալիս քաղաքական դաշտի ավելի լայն շրջանակների՝ մասնակցել ընտրություններին եւ ավելի շատ քաղաքական ուժերի՝ հայտնվելու ԱԺ–ում, բայց ՀՀԿ–ն, նրա խոսքով, ամեն ինչ արեց, որ քաղաքական դաշտը շարունակի ոչնչանալ. «Վստահ եմ, վաղը նորից գալու են, դոշ են ծեծելու, ասեն՝ մենք Հայաստանի ժողովրդի համար ուղղակի մեռնում ենք, ամեն ինչ արել ենք, բայց եւս մեկ օրինակ, որ հերթական վատությունը արեցին քաղաքական դաշտին»։

«Քաղաքական դաշտը Սերժ Սարգսյանը եւ իր կուսակցությունը վերացրել են։ Մենք պատրաստ ենք ընտրությունների գնալ ԸՕ թե՛ հին, թե՛ նոր տարբերակով, բայց սա փոքրիկ սաբոտաժ էր ՀՀ ժողովրդի դեմ»,–ասաց նա։

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ հին օրենսգրքով գնալու դեպքում Քաղաքացիական պայմանագիրը չի տուժի, կտուժի քաղաքական դաշտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ