News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը


Վաղը կամ ամենաուշը մյուս օրը կառավարությունը նորից կնախաձեռնի ԱԺ արտահերթ նիստ, որտեղ նորից կքննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ու կընդունվի՝ կանխատեսում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը։ NEWS.am–ի հետ հարցազրույցում նա հստակեցրեց, որ կամ վաղը, կամ մյուս օրն է կանխատեսում, որովհետեւ ժամանակը քիչ է, պետք է այս շաբաթվա ընթացքում առաջին եւ երկրորդ ընթերցում լինի, որպեսզի արտահերթ ընտրությունը տեղի ունենա դեկտեմբերին։

Նա լավատես է, որ նոր քվեարկությամբ օրինագիծը կանցնի՝ հաշվի առնելով  այսօրվա քվեարկության ժամանակ նաեւ այն ՀՀԿ–ականների կողմ քվեարկելը, որոնք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ստարող 18 պատգամավորների թվում չէին. «Ինչո՞ւ չեք կարծում, որ այդ տիպի քվերակություններ եւս կլինեն։ Դա կապված է գիտակցման հետ, որ այս նոր Ընտրական օրենսգիրքը մեր երկրի ապագայի ռեալ գրավականը պետք է լինի»։

Գործող Ընտրական օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնալը Միքայել Մելքումյանը գրեթե բացառեց. «Գործող ընտրական օրենսգրքով արտահերթ ընտրության գնալը ես համարում եմ ոչ պատեհ, անընկալելի եւ անընդունելի, որովհետեւ Ընտրական օրենսգիրքը ոչ միայն զուտ ընտրություն անցկացնելու խաղի կանոններ է սահմանում, այլեւ հիմքեր է ստեղծում ապագա իշխանության որակի ձեւավորման համար»։

Նա բացատրեց, որ գործող Ընտրական օերսգրքում ամրագրված, այսպես կոչված, «ռեյտինգային ընտրակարգը» համարում է արատավոր, որովհետեւ  այդ համակարգը  բոլոր տիպի վարչական, տեղային, տարածքային, ցեղային եւ այլ ռեսուրսների օգտագործման համար հիմքեր է ստեղծում։ Մելքումյանը նաեւ նկատեց, որ մեծամասնական ցուցակներով անցած պատգամավորների 95 տոկոսը որեւէ անգամ ելույթ չի ունեցել Խորհրդարանում։

«ՀՀԿ–ականները քաղաքական այս վայրիվերումների ընթացքում պետք է ճիշտ կողմնորոշվեն, որովհետեւ նույնը թողնելով՝ այս Ընտրական օրենսգիրքը ավելի շատ կվնասի ՀՀԿ–ին»,–ասաց Միքայել Մելքումյանը։

Գագիկ Ծառուկյանը նիստից բացակայում էր աշխատանքային դրդապատճառներով, ասաց Մելքումյանը, քաղաքից էր բացակա։

Տպել
Ամենաշատ
Partner news