News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկած՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը չի բացառում նոր խորհրդարանում այլ ուժի կազմում աշխատելու հավանականությունը։ NEWS.am-ի հետ հարցազրույցում նա ասաց, որ այդ առաջարկը ընդունելը կարող է լինել բացառապես համայնքի հետ քննարկումների արդյունքում։

«Ես պատրաստ եմ աշխատելու ցանկացած ուժի հետ, որը իր տեսլականով կամ ծրագրով ի շահ ՀՀ քաղաքացիների կարող է որոշակի աշխատանք կատարել, սրա մեջ ներառված է նաեւ համայնքի շահը»,–ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ռուստամ Մախմուդյանին՝ իրենց ցուցակով արտահերթ ընտրությունների գնալու առաջարկ առայժմ չի եղել։

Նա նկատեց, որ ազգային փոքրամասնությունները, բացի քաղաքական շահերից համայնքային շահեր եւս պետք է հետապնդեն. «Եթե նայենք աշխարհի հայերին, մշտապես կանգնած են իշխանությունների կողքին, որ կարողանան համայնքի խնդիրներին լուծում տալ»։

Պաշտոնապես որեւէ փաստաթուղթ Ռուստամ Մախմուդյանը չի ստորագրել, բայց դեռ 2017–ին, լինելով անկուսակցական, որոշել է ՀՀԿ ցուցակով գնալ հաշվի առնելով հենց սա։ 

«Ո՛ր օրը ես որոշեմ դուրս գալ ՀՀԿ խմբակցությունից, ես խորհրդարանում անելիք չունեմ,– ընդգծեց պատգամավորն ու հավելեց,–խմբակցություններից որեւէ մեկում ընդգրկված չլինելով, դու ընդամենը դառնում ես պատգամավոր, որը գալիս եւ քվեարկության է մասնակցում, բայց ես, որպես պրոֆեսիոնալ իրավաբան, ինձ չեմ պատկերացնում այդպես»։ Այս պահին խմբակցությունից դուրս գալու նպատակահարմարություն Ռուստամ Մախմուդյանը չի տեսնում։

Ավելի շատ իբրեւ Հանրապետական կուսակցության ակտիվ գործիչ, քան ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող պատգամավոր ասոցացվող Ռուստամ Մախմուդյանը վստահեցնում է, որ նույնքան ակտիվ կլինի նաեւ այլ կուսակցության թիմում. «Ես իմ էությամբ եմ այդպիսին եւ չկա որեւէ միջավայր, որտեղ դրսեւորեմ միջակություն։ Ես թիմի կողմնակից եմ, անկախ նրանից՝ թիմին որքան են սիրում։ Երկրորդը՝ որ քաղաքական ուժում էլ լինեմ, այս ջանասիրությունը լինելու է»։

Նա ասաց, որ ամենադժվարը որոշում կայացնելն է. «Դրա համար էլ պիտի կարողանաս որոշում կայացնես, որովհետեւ եթե քո խոսքն ասում ես, որ այս թիմի հետ ես ճանապարհ գնալու, իսկ ամենադժվար որոշումը դա է, ուրեմն պիտի հետդարձ, նահանջ չլինի»։

Ինքն իր վճռական խոսքն ասել է, երբ ՀՀԿ–ի կողմից ընտրվել է պատգամավոր. «Ասել եմ՝ այս խմբակցությունը քանի դեռ խորհրդարանում է, ես իրենց հետ ճանապարհ եմ գնալու»։

Նոր խորհրդարանում ՀՀԿ–ի հետ՝ իբրեւ ընդդիմությո՞ւն, թե՞ ՔՊ–ի թիմի հետ կլինի, Մախմուդյանը համայնքի եւ իր որոշմամբ է պայմանավորում. «Պիտի որոշում կայացնեմ, ինչը շատ դժվար է լինելու, եւ պիտի լինեմ խորհրդարանում ակտիվ գործունեություն իրականացնողներից մեկը, ով երբեւէ նաեւ ՀՀԿ–ում է նման ակտիվ գործունեություն ծավալել»։

Նա ասաց, որ չի ուզում վեկտորը անընդհատ ուղղել ՔՊ–ի կողմը, քանի որ այդ կուսակցությունը վերակազմակերպման, նոր անձանցով համալրման պրոցեսի մեջ է։ Նոր անձանց ներգրավվածությունը կարող է օգնել իրեն որոշում կայացնել՝ աշխատելու նրանց թիմում. «Դա դժվար է, բայց իրատեսական»։

Նա նաեւ ասաց, որ իր հանդեպ ճնշումներ չեն եղել. «Ես վստահաբար ու հպարտությամբ կարող եմ ասել, որ ոչ այսօր, ոչ երեկ, ոչ էլ երբեւէ իմ նկատմամբ որեւէ ճնշում չի գործադրվել, եթե կան գործադրողներ, շատ լավ պատկերացում են, թե ինչքանով է իրատեսական ճնշում գործադրել մի մարդու նկատմամբ, որը լավ պատկերացնում է հետեւանքները»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ