News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է դառնալ 90-98 տոկոսով կիբեռանվտանգ երկիր: Հոկտեմբերի 23-ին այսպիսի կարծիք հայտնեց ԱՄՆ նախագահի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 22-24-ը Երեւանում ընթացող III Եվրասիական միջազգային համաժողովում:

Նրա խոսքով՝ այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է կիբեռանվտանգության ապահովումը կարեւորագույն խնդիր է, քանի որ երկիրն ունի 3 միլիոն բնակչություն եւ աշխարհագրական փոքր տարածք:

«Հայաստանի համար ավելի հեշտ է կիբեռհարձակումներից պաշտպանական սխեմայի մշակումը, քան ամբողջ Եվրոպայի համար:

Տարրական մակարդակում կիբեռանվտանգության ապահովման համար անհրաժեշտ է կառուցել բրգաձեւ սխեմա եւ առաջնային պաշտպանությունը դրսից իրականացնել»,- նշեց Ջուլիանին:

Նրա խոսքով՝ կիբեռհարձակումներից պաշտպանության ապահովման հարցի լուծումը յուրաքանչյուր երկրի համար առաջնահերթ հարց է:

«Ոչ ոք չի կասկածում, որ այսօր բոլորս կիբեռհարձակումների դեմ խոցելի ենք: ԱՄՆ-ի համար կիբեռհանցագործություններն ավելի լուրջ սպառնալիք են ներկայացնում, քան գողություններն եւ առեւանգումները: Մեզ համար դրանք թիվ 1 հանցագործություն են համարվում, որի ծավալներն ամեն տարի ընդլայնվում են: Կիբեռհարձակումները թափ են հավաքում նաեւ Եվրոպայի եւ Ասիայի զարգացող երկրներում, ինչն իր պատճառներն ունի»,- նշեց ԱՄՆ նախագահի խորհրդականը:

Հոկտեմբերի 23-ին Երեւանում մեկնարկեց III Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը: Երկօրյա համաժողովի աշխատանքին կմասնակցեն կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, գործարար շրջանակների եւ փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ, հայտնի համաշխարհային ընկերություններ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Չինաստանից, Կատարից, Հարավային Կորեայից, Իրանից, Հնդկաստանից եւ այլ երկրներից: Համաժողովի կազմակերպիչներն են ՌԴ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության եւ Ռուսաստանի հայերի միության նախագահը: ՄԻջոցառման հատուկ հյուրն է դարձել Ռուդոլֆ Ջուլիանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news