News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով տուժող, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի։ Նման որոշում այսօր՝ հոկտեմբերի 23–ին կայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը։ Ըստ դատարանի՝ տուժողը պատշաճ ծանուցվել էր այսօրվա դատական նիստի տեղի եւ վայրի մասին, սակայն չի ներկայացել դատարան, ինչի պայմաններում նրան պետք է բերման ենթարկել։

Նշենք, որ Դավիթ Սիմոնյանը տարիներ շարունակ ջերմ հարաբերություններ է ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ, սակայն 2018 թ.  հունիսի 29-ին Սիմոնյանը դատախազություն հաղորդում էր ներկայացրել եւ հայտնել, որ 11 տարի առաջ իր վրա կրակել եւ մարմնական վնասվածք է պատճառել Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։ Վերաբացված քրեական գործի շրջանակներում Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Այսօրվա դատական նիստում Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց դատարանին՝ վարույթն իրականացնող մարմնից պահանջել տուժող Դավիթ Սիմոնյանի հագուստները։

Նշենք, որ տարիներ առաջ հարուցված քրեական գործով նշանակված դատաձգաբանական եւ դատաքիմիական փորձաքննությամբ՝ այդ հագուստների վրա հանցագործության հետքեր են հայտնաբերվել։

Ըստ պաշտպանի՝ այդ հագուստները պետք է ճանաչվեն իրեղեն ապացույց, ինչպես որ ճանաչվել է զենքը, որով նշվում է, թե կրակոց է արձակվել։

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը, սակայն հայտարարեց, որ քրեական գործում տվյալներ առկա չեն տուժողի հագուստների վերաբերյալ.

«Քրեական գործը ոչնչացված է եւ  տվյալներ չկան քրեկան գործով առարկաների վերաբերյալ»,–ասաց դատախազը։

 Նախագահող դատավորը ժամանակ տրամադրեց դատախազին՝ քրեական գործում առկա առարկաների ճակատագրի վերաբերյալ ստույգ տվյալներ ներկայացնելու համար։

Նշենք, որ պաշտպան Երեմ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ 2007 թ. հարուցված քրեական  գործի նյութերը ոչնչացված են, եւ որ հնարավոր չէ պարզել, արդյոք տուժողի դիմումում նշված հանգամանքները, որի հիման վրա վերաբացվել է գործը, նոր երեւան եկած հանգամանքներ են, թե՝ ոչ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ