News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ կալանքից ազատ է արձակվել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ։ Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի և Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։

Պարզվեց, որ Թաթուլ Շուշանյանին ազատ են արձակել «տեխնիկական» պատճառներով: Բանն այն է, որ հոկտեմբերի 20-ին լրացել է նրան կալանքի տակ պահելու ժամկետը, իսկ քրեական գործը գտնվել է ՀՀ Վճռաբեկ դատարանում, որը պետք է որոշեր գործի ընդդատության հարցը։ Իսկ այդ ընթացքում Թաթուլ Շուշանյանին կալանքի տակ պահելու ժամկետը չի երկարացվել։

Մեկնաբանություն ստանալու համար կապվեցինք սպանված Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի հետ, որը խիստ վրդովված էր կատարվածից։ «Ինձ համար առնվազն տարօրինակ է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը «մոռացել է» այն մասին, որ լրանում է ամբաստանյալին կալանքի տակ պահելու ժամկետը, և քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել ըստ էության քննելու կալանքի տակ պահելու ժամկետի լրանալու նախորդ օրը՝ շատ լավ հասկանալով, որ անհնար կլինի արդեն ժամկետը երկարացնել, ու Թաթուլ Շուշանյանն ազատ կարձակվի։ ՀՀ Լոռու մարզի դատարանը քրեական գործը վճռաբեկ ատյան էր ուղարկել ընդդատության հարցը որոշելու համար, երբ կալանքի ժամկետի լրանալուն մնում էր 19 օր, ինչն առավել քան բավարար էր հարցին լուծում տալու ու գործն առաջին ատյանի դատարան վերադարձնելու համար, սակայն խիստ կասկածելի պատճառներով, վճռաբեկ դատարանը գործը պահել է այնքան ժամանակ, որ լրանա ամբաստանյալի կալանքի տակ պահելու ժամկետը». ասաց Լուսինե Սահակյանը։

Փաստաբանի պնդմամբ՝ սա միակ պատճառը չէ տարակուսելու Վճռաբեկ դատարանի գործելաոճի կապակցությամբ։ Փաստաբանի փոխանցմամբ՝ նույն ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել նաև Թաթուլ Շուշանյանի պաշտպանի կողմից` վերջինիս նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ բողոքը։

«Դեռ մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը հազվադեպ է վարույթ ընդունում նման բողոքները, փաստ է, որ նման բողոք վարույթում ունենալով, այդ դատարանը չէր կարող չիմանալ, որ լրանում է Թաթուլ Շուշանյանի կալանքի տակ պահելու ժամկետը։ Նման պայմաններում ոչինչ չի մնում, քան ողջամիտ կասկած ունենալ առ այն, որ այս ամենը ուղղակի դիտավորության հետևանք է։ Տպավորություն է, որ ամեն ինչ հատուկ արվել է այնպես, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձը, որին կալանքի տակ պահելու համար առկա են բոլոր հիմքերն ու պայմանները, անպայման հայտնվի ազատության մեջ». եզրակացրեց Լուսինե Սահակյանը։

Փաստաբանը հավելեց, որ այդ դեպքը վառ վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի դատական համակարգը լրջագույն ռեֆորմների կարիք ունի, այս դեպքով իր խոսքը պիտի անպայման ասի նաև Բարձրագույն դատական խորհուրդը։

«Տուժող կողմն ամեն ինչ անելու է, որ արդարությունը վերականգնվի ու Թաթուլ Շուշանյանի նկատմամբ կալանավորումն ընտրվի որպես խափանման միջոց»,– ասաց հավելեց փաստաբանը։

Տպել
Partner news