News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, որ ես թրի տակով անցնող մարդ եմ։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ արած հայտարարությունը, թե՝ «ուզում ես դաժե Գեւորգ Կոստանյան եղիր, եթե Սերժ Սարգսյանի թրի տակով չես անցել, ուրեմն հաջողության չես հասնի»։

Հարցին՝ արդյոք հիմա էլ պետք է Նիկոլ Փաշինյանի՞ թրի տակով անցնել, Կոստանյանը պատասխանեց. «Ես թուր չեմ տեսնում, առավել եւս չեմ կարծում, որ ես թրի տակով անցնող մարդ եմ։ Ես ինքս թուր ունեմ»։

Ճնշումներով եւ կոմպրոմատներով Կոստանյանին իրենց կողմը քաշելու կասկածներին պատգամավորը հակադարձեց. «Հիմա պատկերացրեք՝ նախկին իշխանության ներկայացուցիչ եք, նոր իշխանությունը ինչ–որ կոմպրոմատներով ձեզ քաշում է իր կողմը. բա պատկերացնում ե՞ք՝ նախկին իշխանությունը ինչքան կոմպրոմատ կարող է ունենալ ձեզ վրա։ Ես ալոգիկ եմ համարում ընդհանրապես կոմպրոմատների մասին մտածելն անգամ»։

Գեւորգ Կոստանյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ բացառում է իր՝ քաղաքականության մեջ մնալը այս ԱԺ–ի գործունեության ավարտից հետո. «Միանշանակ, դա չի քննարկվում։ Դա բացառվում է ուղղակի։ Ես ի սկզբանե բացառում եմ քաղաքական դաշտում, առավել եւս պառլամենտական գործունեության մեջ, իմ մնալը՝ անկախ ցանկացած առաջարկությունից»։

Նա ասաց, որ իր հետագա գործունեությունը տեսնում է մասնագիտական հարթության մեջ։

Գեւորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանի թիմի հետ խնդիր չունի, ընդհակառակը, նրանց «նորմալ ժողովուրդ» է համարում, նպատակներն ու սկզբունքները իր համար ընդունելի են, բայց ինքը քաղաքականության մեջ իրեն չի տեսնում։

Կոստանյանը աշխատանքի առաջարկ ունի արտասահմանից. Եվրախորհրդարանը ստեղծում է ԵՄ դատախազություն, որը հսկողություն է իրականացնելու ԵՄ կողմից անդամ երկրներին տրամադրվող գումարների ծախսման իրավաչափության նկատմամբ. Գեւորգ Կոստանյանին առաջարկել են աշխատել այդ կառույցում՝ ոչ թե իբրեւ ՀՀ ներկայացուցիչ, այլ, ինչպես ինքն ասաց, իբրեւ «Կոստանյան Գեւորգ»։

Հայաստանից հեռանալ Գեւորգ Կոստանյանը չէր ցանկանա՝ ծանրակշիռ հիմնավորմամբ՝ ընտանեկան պատճառներով. «Ես մենակ իմ մասին չեմ մտածում, որովհետեւ ես աշխատանքի տեղավորման խնդիր չունեմ, ես իմ ընտանիքի մասին էլ եմ մտածում. այ, այսօր ես մի քայլ կանեմ, որով իմ երեխեքի ապագան կամա, թե ակամա կկապվի արտասահմանի հետ։ Արդյո՞ք դա լավ է։ Իհարկե ոչ։ Ճիշտ չի՞ լինի, որ իմ երեխեքը ավելի շատ կապվեն հայրենիքի, քան դրսի հետ»։

Հայաստանում գլխավոր դատախազ կամ այլ պաշտոնում պաշտոնավարելու առաջարկ Գեւորգ Կոստանյանին չի եղել։ Ասում է՝ իր սկզբունքային մոտեցումը պաշտոնով պայմանավորված չէ, կարող է որեւէ պաշտոն էլ չզբաղեցնել, բայց օգտակար լինել երկրին։

Դատախազության համակարգում աշխատելու նպատակ, ասում է, նախկինում էլ չի ունեցել՝ հայրը Գերագույն դատարանի դատավոր էր, ապա դատարանի նախագահ, իր նպատակն էլ դատավոր դառնալն էր։

Գեւորգ Կոստանյանը նաեւ որոշ մանրամասներ պատմեց Սերժ Սարգսյանի՝ իրեն զինդատախազ եւ գլխավոր դատախազ նշանակելու մասին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյությում։

Տպել
Ամենաշատ