ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մեկնաբանել է Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու Հայաստանի մտադրությունը:
Երեւանում՝ ասուլիսի ժամանակ, համապատասխան հարցին պատասխանելով, Բոլթոնը նկատեց, որ ԱՄՆ-ն նույնպես մարդասիրական առաքելություն է իրականացնում: Նրա խոսքով, կարեւորը, որ դա չազդի քաղաքականության վրա՝ իշխանությունների (Բոլթոնը «ռեժիմ» բառն օգտագործեց) կամ ահաբեկիչների հետ հարաբերությունների վրա: Նա նորից նշեց, որ Սիրիայում զանգվածային մարդասիրական առաքելություն է իրականացվում:
Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ իրեն հավաստիացրել են, որ առաքելությունը ռազմական ուղղվածություն չի ունենալու: Բոլթոնն ընդգծեց, որ ցանկացած երկրի համար ռազմական մասնակցությունը սխալ կլինի, հատկապես հաշվի առնելով, որ մասնակիցներն արդեն շատ են:
Հիշեցնենք, որ Հայաստանը Սիրիայի հայ բնակչության աջակցության համար մտադիր է ռազմական բժիշկների, սակրավորների խումբ եւ նրանց անվտանգության համար անձնակազմ ուղարկել: