News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հայտնել է 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին:

Տիգրան Ավինյանի գրասենյակի տարածած հայտարարությունում ասվում է.

«Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցության եւ ջանքերի շնորհիվ հոկտեմբերի 10-ին ՀԱՀ-ն համաձայնագիր է ստորագրել ՄՍՀ-ի հետ՝ 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին: ՄՍՀՀ-ն կօգտագործվի հայկական համալսարանների, տեղի, ինչպես նաեւ միջազգային փորձագետների կողմից ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու համար:

Այս առումով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է. «Սա մեր՝ ԱՄՆ եւ Կանադա կատարած աշխատանքային այցի հերթական արդյունքներից մեկն է: «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամը կնպաստի կառավարություն-գիտական հանրույթ հաղորդակցմանը եւ  փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը: Մենք մեծապես կարեւորում ենք Քրիսթին Սիմոնի եւ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի դերը այս գործընթացում եւ շնորհակալություն հայտնում նրանց Հայաստանին եւ կառավարության բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Նաեւ շնորհակալ ենք Հայաստանի ամերիկյան համալսարանին՝ ի դեմս պարոն Տեր-Կյուրեղյանի, ում հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել այս նախաձեռնությունը»:

Հետազոտական թեմաների հետ կապված առաջնահերթությունները կսահմանվեն փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի կողմից: Կառավարության, ՀԱՀ-ի եւ ՄՍՀ կողմից նշանակված փորձագետների հանձնաժողովը կուսումնասիրի հետազոտական թեմաները, առաջարկություններ կներկայացնի եւ դիմումներ կընդունի հայկական համալսարաններից ու փորձագետներից:

Բացի վերոնշյալից՝ ՄՍՀՀ-ն կրթաթոշակներ կշնորհի բակալավրիատում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորող ուսանողներին: Փորձագիտական հանձնաժողովը կհայտարարի թեմաները եւ կրթաթոշակի դիմումներ կընդունի հետաքրքրված ուսանողների կողմից: Ծրագրի այս բաղադրիչի նպատակն է հետազոտական կարողությունների զարգացումը համալսարանների ուսանողների մոտ:

Հետազոտական ծրագրերի եւ կրթաթոշակների դիմումները ներկայացնելու համար մանրամասն ցուցումները մոտ ապագայում կհրապարակվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ