Միջազգային կոնվենցիաների համաձայն հակամարտությանը ներգրավված երկրներին զենքի վաճառքը սխալ քայլ է համարվում՝ անկախ նրանից այն ռուսական է, թե ամերիկյան: Այս մասին հոկտեմբերի 26-ին՝ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը:
Խմբակցության ղեկավարի խոսքով, զենքի վաճառքը սրում է իրավիճակը եւ խաթարում է բանակցային գործընթացը՝ էլ ավելի մեծ էսկալացիայի հանգեցնելով:
Նա ընդգծեց, որ իր բոլոր գործընկերների հետ Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսում պետք է հավասարության սկզբունքը լինի: Նախկին իշխանության ներկայացուցիչը նշեց, որ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր լինելով, նրանք բազմիցս ընդգծել են նաեւ Եվրամիության հետ հարաբերությունների կարեւորությունը:
«Իսկ ԱՄՆ-ի հետ մենք նորմալ եւ ջերմ հարաբերություններ ունենք: Եվ նման հայտարարություններով չպետք է սպառազինությունների գործընթացի առավելությունները նշել: Իհարկե, նման իրավիճակ կստեղծվի, որ մենք ստիպված կլինենք ռազմական ուժի ամրապնդման մասին մտածել, բայց այս հարցում կարեւոր է փորձագետների կարծիքը նպատակահարմարության եւ մեթոդների վերաբերյալ», - ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:




























