News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարոնա՛յք նոր իշանության ներկայացուցիչներ, լրջանալու պահն է, դուք այլեւս հասարակական ակտիվիստներ չեք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով արտաքին քաղաքականության շուրջ ներկա և նախկին իշխանությունների դիտարկումներին։

Նա, մասնավորապես, գրել է.

«Մինչեւ կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը

Ասում են, որ տաղանդավոր դիլետանտներից վատ միայն անտաղանդ պրոֆեսիոնալներն են: Այսօր մեր քաղաքական դաշտում այս ասույթը սկսել է աչք ծակել, եւ ամենայն հավանականությամբ, դեռ որոշ ժամանակ տաղանդավոր դիլետանտներն ու անտաղանդ պրոֆեսիոնալները գործ անելու փոխարեն կշարունակեն ժխտել, մերժել, քննադատել, նախկինը սեւացնել ու ինքնագոհ առաջ շարժվել, մինչեւ կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը:

Դատելով արձագանքներից, արտաքին քաղաքականության եւ մի շարք այլ հարցերի շուրջ Վիգեն Սարգսյանի հրապարակային դիտարկումները կարծես ցավոտ մտրակ էր : Այն որակվեց իբրեւ ռեւիզիոնիզմ, ինչը նշանակում է, որ ո՛չ միայն չի հասկացվել հրապարակային խոսքի իմաստը, այլ նաեւ թե ի՞նչ է նշանակում ռեւիզիոնիզմ:

Արտաքին հարաբերությունների հարցերով հյուրախաղերի ժամանած եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի կարճատեւ խորհրդականը հանդիսացած մարդը, ով Հայաստանի արտաքին քաղաքականության հետ գրեթե կապ չունի, որոշել էր իր “պրոֆեսիոնալ” խոսքը ասել, ավելի շատ արդարացնելով ԱՄՆ-ին ու նրա շահերը: Պարոնա՛յք, ԱՄՆ-ը առանց ձեզ էլ հստակ պատկերացնում է, թե ի՞նչ եւ ինչպե՞ս է ցանկանում իրականացնել: Դուք մեր երկրի շահերի համար մտածեք, մեր երկրի անվտանգության ու նրա արտաքին բաղադրիչի մասին մտածեք:

Առնվազն վերջին տաս տարիներին Հայաստանի արտաքին հարաբերություններն այն ոլորտներից մեկն է եղել, որտեղ իրականացված քաղաքականությունը ոչ միայն հարցեր չի առաջացրել, այլ իր տեսակով ու սպեցիֆիկայով ապահովել է Հայաստանի համար լավագույն լուծումներն ու հեռանկարները:

Նախկին խորհրդականը մոռացել է, որ իշխանափոխությունից հետո, ոչ թե նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականությունը փոխվեց, այլ հակառակը՝ նոր իշխանություններն իրենց նախկինում հռչակած արտաքին քաղաքական մոտեցումները փոխեցին, այն հարմարեցնելով նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության կուրսին: Որովհետեւ վարչապետ Փաշինյանը շատ արագ հասկացավ, որ պետության արտաքին քաղաքականությունը պոպուլիզմ չի սիրում, եւ Հայաստանի շահերն էլ պահանջում են անել այն, ինչ արել են նախկին իշխանությունները: Եվ հիմա բոլոր գործընկերներին պետք է կարողանան ապացուցել, որ դրանում անկեղծ են ու հաստատակամ:

Խառատյանն իր պարզունակ դիլետանտական տաղանդով ու “պրոֆեսիոնալի” մուշտակով այնպես է մեկնաբանում եղելությունները, կարծես թե ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Արցախի անկախության փաստն ու Հայոց ցեղասպանությունը, կամ Ռուսաստանի Դաշնությունը ռազմատեխնիկական հերթական մեծ պայմանագիրն է առաջարկել Հայաստանին, կամ էլ Հնդկաստանն ու Չինաստանը, ոգեւորվելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վեհ գաղափարներից՝ սպառազինության ու տեխնիկայի մարդասիրական ակցիա են իրականացնելու հատուկ Հայաստանի նոր իշխանությունների համար: Իմիջայլոց, նշեմ, որ եւ՛ Չինաստանի, եւ՛ Հնդկաստանի (եւ՛ ոչ միայն) հետ նախորդ իշխանություններն են հիմքեր դրել ռազմատեխնիկական համագործակցության համար:

Բոլթոնի այցով եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված, մենք զգուշացնում ենք, որ առաջիկա զարգացումներում պետք է խիստ հաշվենկատ լինել, եւ չներքաշվել մեծ հակասությունների դաշտ: Որպես պատասխան ասում եք, թե ինչ է խոսվել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին: Խոսում եք Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ծրագրից դուրս գալու մասին, Մելլաթ բանկի փակման մասին եւ այլն:

Որպեսզի ակնարկս չընկալվի որպես անդրադարձ Արսեն Խառատյանին, ասեմ հետեւյալը. պարոնա՛յք նոր իշանության ներկայացուցիչներ, լրջանալու պահն է, դուք այլեւս հասարակական ակտիվիստներ չեք: Մենք մեր սխալներն ու թերությունները ձեզանից լավ գիտենք: Իսկ ձեզ քննադատում ենք, որ դրանից հետեւություններ անեք, որ չսխալվեք այնտեղ, որտեղ մենք հաջողել ենք, որ ձեր անփորձությունն ու անպատասխանատվությունը գոնե արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտում չբերի մեծ պրոբլեմների:

Խոսում եք Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին, առանց գիտակցելու, որ այդ գործընթացն առավելագույնս ծառայեցվեց տարբեր հարցերում Հայաստանի շահերն առաջ տանելու համար՝ եւ՛ արցախյան հարցում, եւ՛ ցեղասպանության ճանաչման հարցում, եւ միջազգային հեղինակության ու գործընկերության նոր մակարդակների ապահովման հարցերում:

Տարօրինակ է նաեւ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորում է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, իսկ իր նախկին խորհրդականը քննադատում է ԵՏՄ մտնելու ՀՀ որոշումը՝ նշելով որ իբրեւ թե դրա արդյունքում կրճատվել է ամերիկյան ֆինանսական աջակցությունը, ազատ առեւտրի պայմանագիր ունենալը եւ պետական դրամաշնորհները:

Պարոնա՛յք, ԵՏՄ մտնելու Հայաստանի որոշումը, սկզբնական շրջանում մեր արտաքին մի շարք գործընկերների համար իհարկե անցանկալի է երեւացել, մեկնաբանվել որպես կամ կամ պարադիգմում կատարված ընտրություն, բայց Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովն ապացուցեց բոլորովին այլ բան եւ Հայաստանը վերահաստատեց իր տեղը եվրոպական համագործակցության համակարգում: Եթե Հայաստանի հետ կապված միջազգայնորեն «աննախադեպ» որեւէ բան կա, հավատացեք դա կատարված իշխանափոխությունը չէ, այլ «կամ-կամ»-ը «եւ-եւ»-ով փոխարինելու բացառիկ կարողությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր իշխանություններին է փոխանցել կնքված, ստորագրված եւ վավերացված ԵՄ-ՀՀ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որն ըստ շշուկների (հուսամ, որ կառավարության մեր աղբյուրները չափազանցնում են) նոր կառավարության համար կարծես թե “չինական հիորոգրիֆներ” լինի եւ տղերքը չգիտեն, թե ինչ պետք է անեն (իհարկե խոսքը ԱԳՆ մասին չէ):

Ինչ վերաբերում է 1000 դրամով բանակը պահելու դիտարկմանը, ապա “Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի” մասին նման կերպ արտահայտվող եւ զինվորական ծառայություն չտեսած Արսեն Խառատյանին, որպես առաջնագծում ծառայած գումարտակի նախկին հրամանատար ասեմ, որ այդ հարցով դուք լավ կանեք չխոսեք: Իսկ խոսելուց առաջ, գոնե հարցրեք հիմնադրամի շահառու ընտանիքներին ու պաշտպանության նախարարության ներկայիս ղեկավարությանը: Նրանք էլ կարծում եմ, ձեզ կասեն, որ ճիշտը ձեր լռելն է:

Իսկ սպառազինությունների դիվերսիֆիկացման շուրջ ձեր պատկերացումների մասին կարող եք խորհրդակցել զինված ուժերի ցանկացած ստորաբաժանման ցանկացած սերժանտի հետ: Հաստատ ձեզ օգտակար խորհուրդներ կտան, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ի՞նչ է նշանակում Զինված Ուժերը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս ՀՀ արտաքին քաղաքականությանն անդրադարձել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որին ավելի ուշ պատասխանել էր ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ Վիգեն Սարգսյանի խոսքն անվանելով «պարզունակ ռեւիզիոնիզմ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ