News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շառլ Ազնավուրը ինձ համար եղել է եւ կմնա համաշխարհային մեծության երգիչ: Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել: Նրա գլխավոր ուղերձներից  մեկը, որ մարդկության ապագան երիտասարդներն են` միշտ կմնա մեզ հետ: Այս մասին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հոկտեմբերի 28-ին  ասել է ֆրանսիացի երգիչ, բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ժ. Դելվերը հայ հանդիսատեսին հայտնի է դարձել  Շառլ  Ազնավուրի հոնգեհանգստի արարողության ժամանակ «Հայկական վալս» ստեղծագործությունը կատարելուց հետո: Նա Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոկան հրավեր է ստացել` հոկտեմբերի 29-ին եւ 30-ին Երեւանում կայանալիք «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին մասնակցելու համար: Ժ. Դելվերը «Հայկական վալսը» կկատարի մեծ շանսոնիեի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Ֆրանսիացի երգիչը հուզված ու շնորհակալ է հրավերի համար: Նրա ձայնը համապատասխանել է երգին, այդ պատճառով էլ  Դելվերի ղեկավարը հենց նրան է ընտրել: Ֆրանսիացի  բարիտոնի  խոսքով իրեն օգնել են պարոն Արմեն Շմավոնյանը  եւ տիկին Հիլդա Գեղամյանը:

«Հուսով եմ, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Մինչ Ազնավուրի մահը Հայաստանի ու հայերի մասին ես ոչինչ չգիտեի, հիմա այլ է», -ասել է  Ժ.Դելվերը հավելելով, որ նաեւ շատ հայ ընկերներ ունի:

«Ես հավատում եմ, որ մի վայրկյանում կարող է փոխվել մարդու ճակատագիրը, համոզված եմ, որ Ժ. Դելվերի ճակատագիրը եւս փոխվել է: Նա դարձել է աշխարհասփյուռ հայության սիրելին», -իր խոսքում ասել է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Ֆրանսիացի երգիչը երեկ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ նա շրջել է արգելոցի տարածքում` ծանոթացել հայկական ճարտարապետության գոհարներից մեկի պատմությանը, ունկնդրել` տաճարի ներսում հնչող հայկական դուդուկի հնչյունները: Հայկական երաժշտությունը  Ժ. Դելվերին հիշեցրել  է  Շառլ Ազնավուրին տված վերջին հրաժեշտը:

Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամը կարճ ժամանակով է Հայաստանում: Նա տպավորվել է «Գառնի» տաճարի շքեղությամբ, բայց նաեւ խոստովանել է, որ չի հասցնի ծանոթանալ  հայկական մշակույթի ամբողջ գեղեցկությանը: Առաջիկա  օրերին Դելվերը  կմեկնի` արձակուրդներին կրկին վերադառնալու  ակնկալիքով:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ