News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը կանխակալ վերաբերմունք ունի իմ նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ-ին դատի տված դատավոր Ալեքսեյ Սուքոյանը: Քաղաքացիական գործեր քննող դատավորի կարծիքով՝ հենց նա է ազդել ԲԴԽ-ի մյուս անդամների վրա, որպեսզի Սնանկության դատարանի դատավորի պաշտոնում իր թեկնածությունը չառաջարկեն: 

ՀՀ վարչական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի  եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ դատական հայց ներկայացրած դատավոր Ալեքսեյ Սուքոյանը միջնորդեց գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել Հայկ Հովհաննիսյանին:

«Հայկ Հովհաննիսյանին ճանաչում եմ շուրջ 10 տարի, նա «Հովհաննիսյան և ընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրենն էր: Նա այս տարիների տարբեր բանկերի և վարկային կազմակերպությունների շահեր է ներկայացրել, և ես մի քանի անգամ նրա մասնակցությամբ գործերով ոչ բարենպաստ դատական ակտեր եմ կայացրել, ինչը շատ բուռն հետևանք է թողել պարոն Հովհաննիսյանի մոտ, որովհետև ամեն անգամ հանդիպելիս՝ նա անընդհատ այդ մասին ինձ հիշեցնում էր: Բացի այդ, օրենսդրական մի նախաձեռնության հետ կապված տարաձայնություններ ունեինք: Հայկ Հովհաննիսյանը բացասական վերաբերմունք է դրսևորել իմ և դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ, քանի որ մենք խանգարում էինք նրան այդ օրենքերն անցկացնել»,-ասաց նա՝ նկատելով, որ իրականում տեղի է ունեցել մասնավոր շահերի բախում:

Դատավորի գնահատմամբ՝ Հայկ  Հովհաննիսյանն իր վարքագծով ԲԴԽ մյուս անդամների, հատկապես գիտնականների մոտ իր և դատավոր Կարինե Պետրոսյանի վերաբերյալ թյուր կարծիք է ձևավորել: «Հովհաննիսյան Հայկը մինչև փակ, գաղտնի քվեարկության  մտնելը ԲԴԽ անդամների մոտ բացասական բաներ է ասել մեր մասին. ասել է, որ Սուքոյանի, Պետրոսյանի վերաբերյալ լեգենդներ են պտտվում: Թող նա գա և այստեղ պատմի այդ լեգենդների մասին: Մենք ապացուցման բեռ ունենք. ես ասում եմ, որ ԲԴԽ-ն կամայական որոշում է կայացրել, և դրան նպաստել է Հովհաննիսյան Հայկը»,-ասաց նա:

Նախագահող դատավոր Մհեր Պետրոսյանի հարցին, եթե Հայկ Հովհաննիսյանը կանխակալ վերաբերմունք է ունեցել իր նկատմամբ, ինչու՞  նրան ինքնաբացարկ չի հայտնել, Սուքոյանն ասաց. «Ինձ համար Բարձրագույն դատական խորհուրդն այն մարմինն է, որը պետք է վեր լինի ցանկացած մասնավոր խնդրից՝ ինչ-որ նեղվածությունից և այլն, չեմ պատկերացրել, որ այս մասնավոր վերաբերմունքը կարող է ազդել ԲԴԽ-ի որոշման վրա»:

Ալեքսեյ Սուքոյանի խոսքով՝  փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված բոլոր դատավորներն էլ արժանի էին տեղափոխվելու մասնագիտացված դատարան, սակայն այն, որ ներկայացված դատավորներից միայն ինքը և Կարինե Պետրոսյանն են սնանկության ոլորտում աշխատելու ամենամեծ փորձն ունեցել, փաստ է:

Հայցվորը նկատեց նաև, որ դատական իշխանության պաշտոնական կայքում «թյուրիմացաբար» խեղաթյուրել են իր կենսագրական տվյալները և չեն ներկայացրել սնանկության ոլորտում նրա ունեցած մասնագիտական ստաժը, ինչն ըստ նրա՝ նույնպես կարող էր ազդել ԲԴԽ-ի որոշման վրա:

«Ես 20 տարի է, ինչ դատավոր եմ և դրանից  17 տարին աշխատել եմ սնանկության ոլորտում և բացի խրախուսանքից, որևէ կարգապահական տույժ չեմ ունեցել: Ինչու՞ մեզ թույլ չեն տվել անցնել, ի՞նչ չափանիշ են հաշվի առել»,-ասաց նա:

ԲԴԽ-ի ներկայացուցիչ Սարգիս Հովհաննիսյանի խոսքով՝ ԲԴԽ-ն որոշումը կայացրել է փակ, գաղտնի քվեարկությամբ և յուրաքանչյուր դատավոր իր ներքին համոզմամբ է քվեարկություն կատարել:

« Ձեզ համար հեշտ է ասել ներքին համոզմունք, պախկվել եք էդ պատի հետևում, ոչինչ չեք ասում, մենք ուզում ենք հասկանալ, թե ի՞նչն է խնդիրը»,-արձագանքեց Սուքոյանը:

Սուքոյանի ներկայացուցիչ, փաստաբան Գնել Մուղնեցյանն էլ իր հերթին նկատեց, որ ԲԴԽ-ն, հանդիսանալով դատավորների և դատական իշխանության անկախության երաշխավորը, իրականում ոտնահարել է դատավորների իրավունքները:

Նախագահող դատավոր Մհեր Պետրոսյանը հետաձգեց միջնորդության քննությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերին 7-ին:

Հիշեցնենք, որ քաղաքացիական գործեր քննող դատավորներ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանն օգոստոսի 13-ին հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր  ճանաչել «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի  ԲԴԽ–ի  որոշումը եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը ։

Նշենք, որ  օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել են սնանկության գործով դատարանի դատավորները։ 22-ից ընտրվել են 12-ը, որոնց էլ ներկայացրել են ՀՀ նախագահին։ Քվեարկության արդյունքում չեն ընտրվել քաղաքացիական գործեր քննող դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ինչից հետո նրանք դիմել են դատարան, ինչը հայաստանյան դատական պրակտիկայում աննախադեպ երևույթ է: Նշենք, որ Սնանկության գործեր քննող դատարանը գործելու է  2019 թ. հունվարի 1-ից՝ անկախ դատավորների գործով կայացված դատական ակտի արդյունքից:

 

 

 

Տպել
Ամենաշատ