Ազգային ժողովի մուտքի մոտ այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում. ցմահ դատապարտյալների հարազատներն ու ընկերները հավաքվել են եւ պահանջում են, որ համաներումը տարածվի նաեւ ցմահ ազատազրկվածների վրա։
Նշենք, որ նախորդ բողոքի ակցիայի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նրանց խոստացել էր, որ հարցը կքննարկի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Ցմահ դատապարտյալների հարազատներն ու ընկերներն ասել են, որ սպասում այդ պատասխանին՝ միևնույն ժամանակ շարունակելով ակցիաները:
«Մեծ հույսեր ունենք այսօրվա կառավարությունից եւ Նիկոլ Փաշինյանից: Ինքը պետք է այդ հույսը պահի, եթե չպահի, արտագաղթը կգնա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 11-ին ԱԺ-ն իր արտահերթ նիստում քննարկելու է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:
Նախօրեին ՀՀ ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն իր արտահերթ նիստում փակ ռեժիմով քննարկել եւ հավանություն է տվել համաներման նախագծին:



























