Թբիլիսիի կենդանաբանական այգում 23-ամյա Գրանդի երկրորդ ժանիքի վիրահատությունը հաջող է անցել, նա արդեն արթնացել է նարկոզից, նշվում  է  Facebook-ում կենդանաբանական այգու էջում:

Բարդ վիրահատությունը կատարելու համար Հարավային Աֆրիկայից Վրաստանի մայրաքաղաք են եկել գործի մասնագետները՝ վիրաբույժ-ատամնաբույժը եւ անեսթեզիոլոգը: Վիրահատությունը տեւել է ավելի քան 3 ժամ:

«Վիրահատությունը հրաշալի է անցել, Գրանդը ոտքի վրա է, մենք բոլորս ուրախ ենք: Վերականգնման համար 2 օր կպահանջվի, ուստի վիրաբույժները կմնան այստեղ, հետո կգնան: Փիղը լավ տրամադրություն ունի եւ ցանկանում է խաղալ», -ասել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:

Վերքն ամբողջությամբ կապաքինվի 11 ամսվա ընթացքում:

 Ընթացքին հետեւել են լրագրողները, այդ թվում BBC-ի նկարահանման խումբը:

Բրիտանական հեռուստաալիքը «Խոշոր կենդանիների վիրահատությունները» նոր սերիալ է սկսում, որտեղ կպատմի Գրանդի պատմությունը:

Առաջին կոտրված ժանիքը հեռացվել էր 4 տարի առաջ: Այդ ժամանակ Գրանդը թբիլիսցիներին ստիպել էր նյարդայնանալ, որոնք վիրահատությանը հետեւում էին առցանց:

Վեց տոննա կշռող Գրանդին Թբիլիսի էին բերել 2014 թվականի հունիսին Երեւանից: Այդ ժամանակ Թբիլիսիի եւ Երեւանի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակություն» կատարել՝ թբիլիսյան Մալկե էգ փղին փեսացու էր պետք: Իսկ նրա որդին՝ 6-ամյա Բունկան Երեւան է ուղեւորվել Գրանդի փոխարեն: