News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի քարտեզին զբոսաշրջային նոր տեսարժան վայրեր են հայտնվել։ Տավուշում «Գինետունն» ու « Քարե լիճն» են, իսկ Կոտայքում՝ «Բջնիի ամրոցի արտեֆակտների հավաքածուն։ Այս նախաձեռնությունները հաջողվեց կյանքի կոչել ՄԱԿ-ի «Գյուղական զբոսաշրջության ներառական զարգացման» ծրագրի շնորհիվ։

«Գինետուն»-ը գտնվում է Աչաջուր գյուղում։ Գաղտնիք չէ, որ գինու զբոսաշրջությունը շատ տարածված է դառնում աշխարհում։ «Գինետունը» ենթադրում է, որ զբոսաշրջիկները պետք է ներառվեն գինեգործության եւ համտեսման գործընթացում։

Աչաջուրում «Գինետան» տնօրենը Ստեփան Դավթյանն է, ով տնական գինու եւ օղու արտադրության բազմամայա փորձ ունի։ Գինու արտադրության համար նա օգտագործում է Ռկացիթելի տեսակի խաղող, իսկ օղու արտադրության համար՝ հոն, թութ, խաղող եւ տանձ։ «Գինետունը» գտնվում է անմիջապես Դավթյանի տան կողքին՝ հին ավտոտնակի տեղում։ Ծրագրի շրջանակներում տեղադրվել են գինու արտադրության համար ժամանակակից սարքավորումներ եւ տրամադրվել են գործնական խորհրդատվություններ։

Այստեղ զբոսաշրջիկները կարող են ոչ միայն սպիրտային խմիչքներ փորձել, այլեւ կենդանի երժշտություն լսել եւ տեղական խոհանոցի ուտեստներ համտեսել։ Ընդ որում, ուտեստների պատրաստման գործընթացը գտնվում է Դավթյան ամուսինների անմիջական հսկողության ներքո։

«Մեր տանը զբոսաշրջիկների համար երեք սենյակ կա, այնպես որ՝ նրանք մի քանի օր կարող են հյուրընկալվել մեզ»,- պատմում է գինեգործը։

ՄԱկ-ի Զարգացման ծրագիրն ուղղված է գինու տեղական արտադրողների հայտնաբերմանը, ովքեր շուկա դուրս գալու մեծ պոտենցիալ ունեն։ Ստեղծվել է Tavush Wine բրենդը, որը միավորում է ծրագրի շահառուներ հանդիսացող բոլոր գինեգործներին։ 2000 շիշ պարունակող փորձնական խմբաքանակն արդեն արտահանվել է Ռուսաստան։

Տավուշի եւս մեկ տեսարժան վայրը «Քարե լիճն» է՝ Հովք գյուղում։ Սա արհեստական լիճ է, որի ափից լեռների եւ անտառների հեքիաթային տեսարան է բացվում։ Ծրագրի շրջանակներում, որպես տեղացի բնակչության եկամտի այլընտրանքային աղբյուր, ստեղծվել են ընտանեկան քեմփինգ եւ ձկնորսության տեղ։ Բացի այդ, հատուկ տեխնոլոգիաների օգտագործմամբ վերանորոգվել է դեպի լիճ տանող ճանապարհը։

Լճի սեփականատեր Ժիրայր Մելիքսեթյանի խոսքերով՝ այստեղ ծրագրվում է ստեղծել հեքիաթների եւ լեգենդների վրա հիմնված թեմատիկ այգի։ Տվյալ պահին այգու հայեցակարգը գտնվում է մշակման փուլում։ «Քարե լիճն» իր հյուրերին յուրօրինակ ճաշացանկ է առաջարկում՝ մրգերի խորոված, գոմեշի մածուն եւ այլն։

Համալիրը կսկսի հյուրեր ընդունել 2019 թվականից։ Նրա առավելություններից է նաեւ հաջողված դիրքը։ Ոչ հեռու գտնվում է Դիլիջանի ազգային այգին, ինչպես նաեւ՝ միջնադարյան Աղջկաբերդը, որի անվանումը, ըստ լեգենդներից մեկի, կապված է այնտեղ ապրող գեղեցկուհուն տիրանալու Թամերլանի ցանկության հետ։ Որպեսզի չընկնի թշնամու ձեռքը, աղջիկն ընտրում է մահը եւ նետվում է գետը։

Կոտայքի մարզում զբոսաշրջիկներին ոչ մեծ թանգարան է սպասում՝ «Բջնի ամրոցի արտեֆակտների հավաքածուն»։ Թանգարանի տնօրեն Աշոտ Խաչատրյանն ապրում է ամրոցի հենց կողքին։ 1978թ․ սկսած՝ նա մասնակցել է ամրոցի հնագիտական պեղումներին, իսկ 12 տարի առաջ դրա ամրացման ժամանակ հայտնաբերել է տասնյակ արտեֆակտներ, որոնք, նախարարության թույլտվությամբ, հավաքել է իր տանը։

Ծրագրի շնորհիվ նրան հաջողվել է փոքրիկ թանգարանի համար տարածքը կահավորել։ Բջնի ամրոցի արտեֆակտների հավաքածուն 2017 թվականից բաց է, եւ այդ ընթացքում այցելուների թիվը հասել է 600-ի։

Բջնիի ամրոցն ինքը, արեւային մարտկոցների շնորհիվ, հագեցած է լուսադիոդային լուսավորությամբ։ Խաչատրյանի տան մոտ զբոսաշրջիկների համար աստիճանավանդակ կա, որտեղ կարելի է տեղական ուտեստներ համտեսել։ Հարեւանությամբ վաճառվում են կավից զանազան հուշանվերներ։

«Գյուղական զբոսաշրջության ներառական զարգացման» հնգամյա ծրագրի բյուջեն 3 մլն դոլար է կազմում։ Ծրագիրը մեկնարկել է 2015թ․, ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից եւ իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

«Մենք աշխատում ենք, որ տարածաշրջանի տեսարժան նոր վայրերից յուրաքանչյուրը ներառվի զբոսաշրջային համապատասխան երթուղում։ Գյուղական զբոսաշրջության այս ուրույն խումբը նոր աշխատատեղեր կստեղծի, տեղի բնակչությանը եկամուտներ կբերի, հարակից գյուղերի երիտասարդներին թույլ կտա չմեկնել արտագնա աշխատանքի եւ մնալ հայրենի գյուղում։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերը կզարգանան»,- նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասինը։

«Մենք շատ ծրագրեր ունենք։ Մենք հուսով ենք, որ մյուս տարվա վերջին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մեծ մասում էներգաարդյունավետ լուսավորություն կհայտնվի։ Դա համայնքներին թույլ կտա խնայված միջոցներն ուղղել տարբեր խնդիրների լուծմանը»,- տեղեկացրեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ