Հետախուզումը ոչ թե միայն անձը գտնվելու վայրը պարզելն է, այն ենթադրում է նաեւ հետախուզվողին վարույթն իրականցնող մարմին ներկայացնելը. այսինքն միայն վայրը հայտնի լինելը չի նշանակում, որ չի կարելի հետախուզում հայտարարել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ «Մարտի 1»-ի գործով նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտել է, որ չի ընդունում մեղադրանքը եւ ապօրինի է հետախուզում հայտարարվել, քանի որ իր ներկայացուցչի միջոցով ՀՔԾ-ին տեղեկացրել է իր գտնվելու վայրը:
Նա տեղեկացրեց, որ Վահագն Հարությունյանը Հայաստանի տարածքը լքել է այս տարվա հուլիսին: Հարցին, թե ի՞նչն էր խանգարում, որ դեռ իր պաշտոնավարման օրոք իրեն հրավիրեին հարցաքննության՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակ արդեն մեղադրանք էր առաջադրված պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ հարցաքննությունը չի կարող լինել ինքնանպատակ: հարցաքննությունը պետք է ունենա որոշակի արդյունավետություն: Այսինքն անձը կանչվում է հարցաքննության, երբ նրան ունենք հարցեր եւ որոշակի հանգամանքների շուրջ նա պետք է հարցաքննվի: Այն հանգամանքները, որոնք հիմա են հայտնի դարձել, հայտնի չէին հուլիսին»:
Ինչ վերաբերում է ապացույցներին, ՀՔԾ պետն ասաց, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը ապացույցների բավարար համակցությունն է. «Ոչ ասեկոսեները, ոչ օպերատիվ տվյալները, ոչ ինչ-որ այլ տվյալներ, այլ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հստակ ընթացակարգերով ձեռք բերված ապացույցների համակցությունն է հիմք տալիս անձին ներգրավել որպես մեղադրյալ: Այսքանից ավելի բան չեմ կարող ասել»,-ընդգծեց նա:
Նա եւս մեկ անգամ պնդեց, որ բանակի ներգրավվածությունը «մարտի 1»-ի դեպքերին առավել քան հիմնավոր է:
Հարցին, թե ում հրահանգով է Վահագն Հարությունյանը կեղծել ապացույցները, Սասուն Խաչատրյանն ասաց. «Իհարկե, կան կասկածներ, բայց ես դրանց մասին չեմ բարձրաձայնի: Այդ ուղղությամբ քննություն է տարվում, արդյունքների դեպքում՝ անպայման կտեղեկացնենք:
Ես չեմ կարող հիմա ասել, որ բոլոր այդ 1000 փամփուշներն էլ բանակի զենքերն են եղել, թե ոչ, բայց մեր ապացույցները խոսում են այն մասին, որ իրեղեն ապացույց հանդիսացող առնվազն հազար պարկուճ փոխվել է, ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող զենքերից կրակված պարկուճներով: Ներքին զորքերի այդ զենքերը հիմա էլ կան»:
Նա հավելեց, որ կան ցուցմունքներ, որ բանակի զենքերից են կրակել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Մարտի 1–ի գործով մեղադրանք է առաջադրվել այս գործով նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին եւ դատաձգաբան-փորձագետին։
Մարտի 1–ի գործով մեղադրանք է առաջադրվել Վահագն Հարությունյանին. հայտարարվել է հետախուզում