Ես գիտեի, որ Հայկ Կոնջորյանը գնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հայկ Կոնջորյանի՝ կուսակցությունը լքելու մասին որոշմանը։
«Մեզ համար անակնկալ չէր, որ Հայկ Կոնջորյանը նման հայտարարություն է անելու, նախօրեին նա մեզ ասել է, որ այդ քայլն է անելու, եւ որ 5 ամիս է՝ նման մտորումներ ունի։ Դա Հայկ Կոնջորյանի որոշումն է, այն կուսակցությունում բացասաբար է ընդունվել, բայց հաջողություն ենք մաղթում Կոնջորյանին»,– ասաց նա։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք ոչ մեկին կուսակցությունում «զոռով ու բռնությամբ» չեն պահում, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը. «Մենք «Լուսավոր Հայաստանում» դուռը չենք փակել ու զոռով չենք պահում մարդկանց։ Մենք հիմա պատրաստվում ենք ընտրություններին։ Մեզ համար ցավ է Կոնջորյանի որոշումը, բացասաբար ենք վերաբերում, բայց շարժվում ենք առաջ»։
Նշենք, որ Հայկ Կոնջորյանը կուսակցությունը լքելու մասին հայտարարությունը տարածել է հոկտեմբերի 31–ին։











