News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատության»  հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ թե՛ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, թե՛ առաջադրված մեղադրանքն է ապօրինի եւ շինծու։

«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը որ ասեմ ապօրինի՝ երեւի թե ոչ մի բան չեմ ասի», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով․ - «Էդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու եւ, չգիտեմ, երեւակայություն, շատ մեծ երեւակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու: Չեմ մտածում, ես համոզված եմ, տեսնում եմ որովհետեւ, կարդում եմ, ես չգիտե՞մ, ո՞նց կարա տենց բան լինի»:

«Ես մեղադրանքին չեմ ուզում․․․ կանդրադառնամ, ես նաեւ Ձեզ վստահեցնում եմ, եւ հանրությանը, որ կարճ ժամանակ հետո, երբ որ հնարավորություն կունենանք իրապես մեղադրանքի որոշմանը ծանոթանալու, ես չգիտեմ՝ մամուլում ինչ ծավալով է այն տեղադրված՝ ամբողջությա՞մբ, թե՞ չէ, եւ դրա հիմքում ինչեր կան, այսինքն՝ էն թույլատրելի փաստաթղթերը, որոնք մեզ կտրամադրվեն, ինչը հիմք է տվել նախաքննական մարմնին նման հիվանդագին ենթադրություններ անելու, էդ բոլորին ծանոթանալուց հետո առավել փաստարկված կներկայացվի, եւ բոլորդ կհամոզվեք, որ էդ մեղադրանքը ուղղակի ոչ թե չկա՝ չի էլ կարող լինել», - ասաց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը:

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդեց, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա, ինչպես նաեւ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

Հարությունյանը վստահեցրեց, որ հանձնարարություն չի տվել ոստիկանության փորձագետին, քննիչներին․ - «Իհարկե ոչ: Քրեական գործի քննության ընթացքում, որը եղել է իմ վարույթում երկար ժամանակ, չեն եղել ապացույցներ Զինված ուժերի կողմից որեւէ հակաօրինական գործողություն կատարելու, կամ էնտեղ պարկուճներ հայտնաբերելու եւ այլն: Ես հիմա չեմ հիշում, հազարից ավել՝ 1600 թե 1800, թվերը լավ չեմ հիշում, պարկուճ էր մենակ դեպքի վայրից հայտնաբերվել, էնտեղ բազմաթիվ պարկուճներ կային, որոնց պատկանելիությունը, կարծեմ մի քանի հարյուր, եթե չեմ սխալվում, կարող է սխալվեմ, որոնց կրակած զենքերը չեն հայտնաբերվել»:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Վահագն Հարությունյանը նաեւ պնդեց՝ նախաքննական մարմինը տեղյակ է իր գտնվելու վայրի մասին, տեղեկացված է, որ առողջական խնդիրների պատճառով է բացակայում Հայաստանից, բայց դա հաշվի չառնելով՝ հետախուզում է հայտարարել։

«Դեռեւս սեպտեմբերի 10-ին իմ բնակության վայրի, Երեւանի բնակության վայրի հասցեով ստացվել էր, ավելի շուտ՝ ոչ թե 10-ին, մեկ օր ուշացումով՝ 11-ին, ստացվել էր ծանուցագիր 10-ին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Իմ ներկայացուցիչը, փաստաբանը գրավոր դիմել էր քննիչին, ներկայացրել պարզաբանումներ, որ ես բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում եւ հարցաքննության, բնականաբար, ներկայանալ չեմ կարող, բայց անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել, եթե կա դրա կարիքը, իմ բնակության վայրի վերաբերյալ, կոնտակտային տվյալներ, ինչպես նաեւ ավելի ուշ, անհրաժեշտության, նորից, իրենց հետաքրքրության դեպքում, կտրամադրվի տվյալներ իմ բուժման ընթացքի եւ հետագա պլանների վերաբերյալ: Դրանից հետո որեւէ արձագանք Հատուկ քննչական ծառայությունից մենք չստացանք, կարելի էր համարել, որ երեւի թե էդ մնացած պահանջվող տվյալները, ինչը մենք առաջարկեցինք, իրենց հետաքրքիր չէր կամ անհրաժեշտ չէր», - պատմեց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը:

«Դեռ մայիսին մամուլը գրում էր, որ Դուք Հայաստանը լքել եք, որովհետեւ կանխատեսում էին, որ հնարավոր է՝ նաեւ Դուք անցնեք այդ գործով», - «Ազատության» այս դիտարկմանը Վահագն Հարությունյանը արձագանքեց․ - «Դա զավեշտ է, ես մայիսին ոչ թե լքել եմ, այլ վերադարձել եմ: Ես գտնվում էի արտերկրում, կրկին անձնական խնդիրներով, դեռեւս, մի ամսից ավել, ամեն դեպքում, ու մայիսին, ընդհակառակը, ես վերադարձել եմ եւ դեռեւս այդ ժամանակ ես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը դեռ զբաղեցնում էի, եւ մեր մամուլի ծառայությունը տարածեց համապատասխան հաղորդագրություն իմ ուղեւորությունների վերաբերյալ, այսինքն, ես կարծում եմ՝ էդտեղ հարցեր ուղղակի լինել չէին կարող»:

«Մայիսյան իրադարձությունները երբ որ մեր երկրում սկսվեցին, ես գտնվել եմ արտերկրում էդ ընթացքում եւ դրանից հետո վերադարձել եմ, անցել իմ աշխատանքին, հետագայում որոշում կայացրեցի ինքս աշխատանքից ազատվելու եւ դիմում ներկայացրեցի, ազատվեցի աշխատանքից, ինչից հետո նոր ես մեկնել եմ Հայաստանի Հանրապետությունից», - շարունակեց նա՝ ի պատասխան «Ազատության» հարցի հավելելով․ - «Ոչ մի բան չէի կանխատեսում, ոչ, ես իմ անձնական գործերով եւ առաջին հերթին իմ առողջական խնդրով զբաղվելու համար՝ հաշվի առնելով արդեն աշխատանքային ծանրաբեռնվածությունից ազատվելը: Եվ բավականին ժամանակ այդ հարցը հասունացած էր, 2014 թվականից դեռեւս ես ունեմ լուրջ խնդիրներ՝ սրտանոթային համակարգի հետ կապված, եղել է միջամտություն, ունեմ լուրջ խնդիրներ 2006 թվականին տեղի ունեցած իմ ավտովթարից հետո՝ ծնկահոդի տեղաշարժման հետ կապված բավականին հետեւանքներ առաջացած, եւ ես որոշել էի զբաղվել իմ անձնական կյանքով եւ առաջին հերթին իմ առողջությամբ»:

Հարությունյանը հավաստիացրեց, որ հեղափոխությունը կապ չուներ իր աշխատանքից հեռանալու հետ․ - «Իհարկե չուներ, բացարձակ չուներ, ուղղակի աշխատանքից հեռանալը ոնց որ եղավ հնարավոր առիթ՝ ազատ դրանով զբաղվելու: Ու կարծում եմ, թե մարդու ազատ տեղաշարժվելու եւ իր գտնվելու վայրը որոշելու իրավունքը դեռեւս չի փոխվել, չի վերացել եւ որեւէ կերպ չի սահմանափակվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ