News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինչո՞վ է ՀՀ բանկային համակարգը տարբերվում ՌԴ համակարգից, ո՞ր տեխնոլոգիաներն են ՀՀ բանկային համակարգի շարժիչ ուժը, և շուկայի կոնսոլիդացման ի՞նչ ծրագրեր ունի Ամերիաբանկը։ Այս հարցերի շուրջ Банковское обозрение ամսագրին տված հարցազրույցում  խոսել է Ամերիաբանկի Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանը։

Ինչո՞վ է ՀՀ բանկային համակարգը տարբերվում ՌԴ բանկային համակարգից:

Առաջին տարբերությունն այն է, որ ՀՀ բանկային համակարգում չկան պետական բանկեր, այն ամբողջությամբ մասնավոր է: Այդ պատճառով առկա է թեժ մրցակցություն:  Շուկայում կան միջազգային բանկեր («Էյչ-Էս-Բի-Սի», «ՎՏԲ», «Կրեդիտ Ագրիկոլ» և այլն), որոնց հետ տեղական բանկերն արդյունավետ կերպով մրցակցում են: Դրանց թվում է Ամերիաբանկը, որը մասնավոր բանկ է և արդեն մի քանի տարի շարունակ առաջատար դիրքեր է գրավում շուկայում:

Երկրորդ տարբերությունն այն է, որ Հայաստանում շատ ավելի խիստ է կարգավորումը, ինչի շնորհիվ վերջին 16 տարվա ընթացքում բանկային դեֆոլտի դեպքեր չեն գրանցվել: 90-ականների վերջը և 2000-ականների սկիզբը կարելի է բնորոշել որպես «մաքրման» շրջան, ինչի արդյունքում կարգավորումն էլ ավելի խստացվեց:

Մեր շուկան ռուսականից ավելի լիբերալ է, օրինակ` չկա արժութային վերահսկողություն: Բանկերի կողմից խոշոր կառավարական ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման բացակայությունը կարելի է դիտարկել թե´ որպես դրական, և թե´ որպես բացասական կողմ: Այսինքն՝ այս առումով, բանկերն ավելի պաշտպանված են ռիսկերից:

Տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռուսական բանկային համակարգի առաջատարներն ավելի զարգացած են: Այս առումով մենք նրանցից շատ սովորելու բան ունենք: Սա թերևս բացատրվում է զանազան նորարարությունների նկատմամբ երկրի ղեկավարության, ինչպես նաև, առանձին դեպքերում, տարբեր բանկերի ղեկավարների առավել պահպանողական  մոտեցմամբ:

Ձևավորվե՞լ են արդյոք հատուկ հարաբերություններ ՀՀ և ՌԴ բանկային համակարգերի միջև:

Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՌԴ բանկերի մեր գործընկերների հետ: Չնայած մեր երկրների տնտեսությունները փոխինտեգրված են, ես չէի ասի, որ ՀՀ և ՌԴ բանկային համակարգերը սերտ փոխազդեցության մեջ են: ՎՏԲ բանկի ներկայությունը հայաստանյան շուկայում փոքր է, այն հիմնականում  ընդգրկում է մանրածախ հատվածը: 

Հաջորդ հարցը վերաբերում է տեխնոլոգիաներին: Այս տարի Softline ընկերությունը Ամերիաբանկի համար կառուցեց տվյալների մշակման կենտրոն: Ինչպիսի՞ բանկային ծառայությունների համար է այն նախատեսված:

Այսօր բանկային համակարգը արմատական փոփոխությունների է ենթարկվում: Արդեն պարզ է, որ բանկերը չեն սահմանափակվելու զուտ ֆինանսական ծառայությունների վաճառքով: Օրինակ` ռուսական Սբերբանկն արդեն իսկ շուկայում ներկայացել է որպես մի հարթակ, որի միջոցով հաճախորդը մեկ պատուհանի սկզբունքով կարող է օգտվել հսկայական թվով ծառայություններից: Բանկի խնդիրն է հաճախորդին առաջարկել այնպիսի ծառայություններ, որոնք վերջինս ամենայն հավանականությամբ կգնի: Այս նպատակով կիրառվում են բիզնես-վերլուծություններ, արհեստական ինտելեկտ և ուրիշ հարակից տեխնոլոգիաներ ու մոտեցումներ: Բանկերի մոտ հսկայածավալ տվյալներ են կուտակվել: Մենք տեսնում և հասկանում ենք այդ տվյալների արագ և բարդ կերպով մշակման անհրաժեշտությունը, քանի որ գիտակցում ենք, թե ապագայում ինչ է լինելու: Իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է մանրածախ պրոդուկտներին, առցանց վարկավորմանը, մոբայլ բանկինգի և այլ հեռահար ուղիների ոլորտում առավել առաջադեմ լուծումներին: Այս պահին կարևոր է կարողանալ աշխատել առկա տվյալների հետ և հարստացնել դրանք` օգտագործելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները: Այս ամենն իր հերթին տվյալների հետ աշխատանքի նոր պահանջներ է ստեղծում, դրանց մշակման համար նախատեսված հավելվածների, ինչպես նաև հաշվողական և ցանցային սարքավորումների արտադրողականության  համար:

Տվյալների մեծ ծավալը կարելի է օգտագործել նաև մարքեթինգային որոշումների, և վարկային սահմանաչափերի սահմանման համար: Այս տեխնոլոգիաների միջոցով կարելի է կատարելագործել նաև սքորինգային քարտերը: Տվյալների մշակման նոր կենտրոնի բացման արդյունքում ձևավորված ենթակառուցվածքը թույլ կտա իրականացնել այս ամենը: Այս նախագիծը պատվիրելիս` մենք խորհրդատուին խնդրել էինք տեղադրվող սարքավորումների, կենտրոնի ինժեներական ապահովման, ինչպես նաև ցանցի թողունակության համար նախատեսել պահուստային տարածք և հնարավորություններ ևս 3-4 տարվա աճի հեռանկարով:

Հիմա վարկի վերաբերյալ որոշումների կայացումն արդեն ավտոմատացվա՞ծ է:

Մասնակիորեն: Որոշ  պրոդուկտների գծով որոշումների կայացման գործընթացն ամբողջովին ավտոմատացված է: Մենք ցանկանում ենք թվով ավելի շատ որոշումներ կայացնել ավտոմատացված եղանակով և այդ եղանակը կիրառել ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ ՓՄՁ-ների նկատմամբ: Մեր գործընկերների (այդ թվում ռուս գործընկերների) փորձը ցույց է տալիս, որ սքորինգի կատարյալ ալգորիթմերը ոչ միայն բացառում են մարդկային գործոնը (ավտոմատացման գործընթացի շրջանակներում դա ակնհայտ է), այլև նվազեցնում են բանկի ռիսկերը:

Կարելի՞ է արդյոք տեղեկատվական տեխնոլոգիաները համարել մրցակցության կարևոր գործոն:

Մրցակցության կարևորագույն տարր մեր շուկայում դրանք դեռևս չեն համարվում: Այս ամենի հետ մեկտեղ, հաճախորդները, ելնելով իրենց պահանջներից և առօրյա սովորություններից, իրենք են թելադրում մեզ իրենց պայմանները: Եթե նախկինում անհրաժեշտ էր ջանքեր գործադրել, որպեսզի նրանք սկսեին օգտվել որոշակի տեխնոլոգիաներից, այսօր արդեն նրանք են պահանջում նորարարություններ, քանի որ հաճախորդների բազան առավել երիտասարդ և տեխնոլոգիական առումով առավել գրագետ է: Հաճախորդների` հատկապես աճող սերնդի համար այս բոլոր բջջային հավելվածները, առցանց բանկային ծառայությունները, անձնական փոխանցումները բանկային ծառայությունների պարտադիր մաս են կազմում: Ընդ որում, հայկական բանկերը դեռևս հիմնականում աշխատում են սպասարկման հին մեխանիզմներով: Որոշ բանկեր չեն էլ շտապում նոր տեխնոլոգիաներ ձեռք բերել: Սա վերաբերում է հատկապես փոքր բանկերին, որոնց համար նման որոշում կայացնելը շատ բարդ է, թանկ: Միշտ, չէ, որ նման ծախսերն իրենց արդարացնում են: Սակայն ապագան ամեն դեպքում նոր տեխնոլոգիաներինն է, և մի գեղեցիկ օր, երբ դրանք այլևս անփոխարինելի կդառնան, հետ մնացող բանկերին չի հաջողվի մեկ օրում ձեռք բերել և ներդնել նորագույն տեխնոլոգիաների ողջ տեսականին: Բանկային ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է անընդհատ կատարելագործել և հաճախորդների հետ միասին հասնել այնպիսի մակարդակի, որն ըստ կանխատեսումների կարող է գրանցվել 10 տարի հետո:

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից հեռահար ծառայությունների  օգտագործմանը, Հայաստանում դեռևս մասնագիտացված հարմար որոշումներ չկան:

Ամերիաբանկի կապիտալում բաժնեմասնակցություն ունի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Որևէ կերպ զգացվո՞ւմ է արդյոք ՎԶԵԲ-ի ազդեցությունը:

ՎԶԵԲ-ից բացի մեր Բանկի կապիտալում 2018թ-ի փետրվարից բաժնեմասնակցություն ունի նաև Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ): Այս կազմակերպությունները հսկայական նշանակություն ունեն տեղական (օրինակ` հայկական) ֆինանսական շուկաների համար, քանի որ սահմանում են գործունեության բարձր չափանիշներ, որոնց անհրաժեշտ է համապատասխանել ոչ միայն վարկավորվելու, այլ լավագույն դեպքերում կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցություն ունենալու համար: Սահմանված բարձր չափանիշները վերաբերում են ռիսկերի կառավարմանը, ղեկավարության և ֆինանսական հաշվետվություններին, կորպորատիվ և սոցիալական պատասխանատվությանը: Նույնիսկ եթե նրանք ուղղակիորեն մեզ չեն սովորեցնում, թե ինչպես համապատասխանել այդ չափանիշներին, դրանց համապատասխանելու համար մենք ինքներս պարզապես անընդհատ կատարելագործվում ենք` հաշվի առնելով վերջիններիս պահանջները: Քանի որ մեր Բանկը նախատեսում է մոտ ապագայում առաջնային հրապարակային տեղաբաշխում կատարել և դուրս գալ միջազգային հարթակներ, սա թափանցիկության և կանոնակարգվածության հենց այն աստիճանն է, որով մենք սովոր ենք աշխատել նշված կազմակերպությունների հետ: Երբեմն նրանք կազմակերպում են տեղեկատվության փոխանակում այլ բանկերի (ՎԶԵԲ-ի գործընկերների) հետ: Մենք հաճախ հյուրեր ենք ունենում ռուսական, միջինասիական և այլ բանկերից, իսկ մեր մասնագետներն իրենց հերթին պատասխան այցեր են կատարում նշված ֆինանսական կազմակերպություններ: Մեզ ամեն ինչ հետաքրքիր է, մենք անընդհատ սովորում ենք, իսկ ՎԶԵԲ-ը և ԱԶԲ-ն թույլ են տալիս փորձի փոխանակում անել:

Նախատեսո՞ւմ է արդյոք Ամերիաբանկը ներկայություն ապահովել այլ երկրներում:

Մենք երբեք չենք թաքցրել ռուսական և վրացական շուկաներ դուրս գալու մեր հավակնությունները: Եղել են իրական փորձեր, որոնք դժբախտաբար կամ բարեբախտաբար հաջողությամբ չեն պսակվել, և մենք մեր ուժերը կենտրոնացրել ենք Հայաստանում: Դա տվել է իր արդյունքը. մենք արդեն տարիներ շարունակ առաջատար դիրքեր ենք գրավում  կորպորատիվ հատվածում` շուկայում մեկ երրորդ մասնաբաժնով: Այժմ մենք առաջատար դիրքեր ենք սկսում գրավել նաև ՓՄՁ և մանրածախ վարկավորման հատվածներում: Հարկ է նշել, որ Հայաստանի շուկայի հնարավորությունները բավականին սահմանափակ են: Մյուս կողմից մեր երկրի տնտեսությունը համեմատաբար կայուն է և միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով առավել կանխատեսելի: Սակայն ոչինչ չի բացառվում: Այն բանից հետո, երբ ՀՀ  բանկային հատվածում կոնսոլիդացիայի գործընթացը ավարտվի, ընդ որում ավարտվի հօգուտ մեզ, կարող է տեղի ունենալ ռեսուրսների վերաբաշխում, և կսկսվի արտաքին շուկաներ դուրս գալու գործընթացը: Մենք թերևս շուտով կվերադառնանք այս հարցին:

Ռուսաստանում բանկերը հաճախ են դուրս գալիս այլ շուկաներ, այդ թվում ոչ բանկային: Ամերիաբանկն այս ուղղությամբ որևէ քայլեր ձեռնարկո՞ւմ է: 

Մենք ֆինանսական կառույց ենք, մեր կարողություններն ու ուժեղ կողմերը կենտրոնացած են ֆինանսական ոլորտում: Այս պահին մենք այլ ոլորտներում մեզ փորձելու որևէ մտադրությունն չունենք: Սակայն տեսականորեն ես չեմ բացառում  որևէ այլ ոչ բանկային շուկա մուտք գործելու փորձերը: Սակայն ամեն դեպքում մենք չենք ուղղելու մեր ռեսուրսները մի ոլորտի, որից գլուխ չենք հանում: Գոյություն ունեն

ֆինանսական և որոշ ոչ ֆինանսական կազմակերպությունների միջև համագործակցության տեսակներ, որոնք դիտարկվում են որպես սիներգիաներ (օրինակ` հեռահաղորդակցման ոլորտում): Այս պարագայում միաձուլումը պարտադիր չէ, կարող է լինել սերտ համագործակցություն: Բայց այժմ մենք դեռևս պայքարում ենք ֆինանսական ոլորտում բացարձակ առաջատարի կոչման համար:

Որքա՞ն է ներկա պահին հեռահար ծառայությունների օգտագործման տոկոսը: Սպասարկման ո՞ր տարբերակն է գերակայում` այցելությունները բա՞նկ, թե՞ առցանց սպասարկումը:

Բանկի հաճախորդների մեկ երրորդն ակտիվորեն օգտվում է մեր բջջային հավելվածից կամ ինտերնետ բանկինգից, մի մասը` (25%) բավականին ակտիվորեն գործարքներ կատարելու նպատակով, մյուս մասը` պարզապես հաշիվներին հետևելու և տեղեկանքներ ստանալու համար: Սակայն այս ցուցանիշը շատ արագ աճում է: Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից հեռահար ծառայությունների  օգտագործմանը, Հայաստանում դեռևս մասնագիտացված հարմար որոշումներ չկան: Մեծ ընկերությունների համար այս հարցը կրիտիկական չէ, սակայն զգալի թվով փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում հեռահար ծառայությունների նկատմամբ պահանջարկ կա, և մենք պետք է կարողանանք կարճ ժամկետում բավարարել այդ պահանջարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ