Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ ձեռք բերված Դուշանբեի պայմանավորվածություններից հետո բավականին նվազել է սահմանային լարվածությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
«Այո՛, գործում է օպերատիվ կապը, խախտումների ժամանակ միանգամից տեղեկացնում ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն»,–նշեց նա։
Հարցին՝ քանի՞ անգամ է օպերատիվ կապի միջոցով կապ հաստատվել կողմերի միջոցով, ինչին ի պատասխան Տոնոյանն ասաց. «Բազմաթիվ անգամներ»։
Նա պարզաբանեց՝ օպերատիվ կապը հեռախոսակապով է իրականացվում։
«Եթե առաջնագծում աշխատանքներ են կատարվում եւ ուղղված են դիրքերի բարելավմանը, մենք անմիջապես արձագանքում ենք։ Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող շարժի, դեպքերի, գործողությունների, ինժեներական աշխատանքների իրականացման դեպքում մենք ահազանգում ենք, որ դադարեցնեն։ Իրենց արձագանքը մինչ այս պահը կառուցողական է եղել»,–հավելեց նախարարի պաշտոնակատարը։
Նրա փոխանցմամբ՝ անձամբ Ալիեւի եւ մեր երկրի ղեկավարի միջեւ անմիջական կապ չկա։ «Օպերատիվ կապի համար կա այլ պատասխանատու անձ»։