News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ–ԻԻՀ հարաբերությունների կենսական նշանակությունը նախկին իշխանությունները հիմնավորել են Հայաստանի շրջափակված վիճակով եւ խուսափել սանկցիաներից։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։  

«Այս տարիների ընթացքում միջազգային հանրությունը այս կամ այն առիթով էական նեգատիվ վերաբերմունք է դրսեւորել Իրանի նկատմամբ, սակայն մեր արտաքին գերատեսչության ինտենսիվ ջանքերի արդյունքում մեզ միշտ հաջողվել է այդ միջազգային կառույցներին հստակ ներկայացնել այն իրողությունը, որ կա այսօր Հայաստանի շրջափակված իրավիճակի հետ կապված, եւ նաեւ ներկայացնել, թե ինչքան կենսական նշանակություն ունի մշտապես գործող սահմանը ԻԻՀ հետ»,–ասաց Գագիկ Մինասյանը։

Նա ընդգծեց Հայաստան–Իրան հարաբերությունների կարեւորությունը։

«Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ միջազգային հանրությունը ըստ արժանվույն ընկալել է այդ բավականին սպեցիֆիկ իրավիճակը, որում գտնվում է ՀՀ–ն եւ այն ընդհանուր մոտեցումները, որոնք վերաբերում են մնացած երկրներին եւ այդ սանկցիաներիը չեն տարածվել կամ շատ մեղմ են տարածվել Հայաստանի նկատմամբ»,–ասաց նա։

Մինասյանն ասաց, որ դրա համար պահանջվել են մեծագույն ջանքեր. «Եթե մեր պետության առաջին դեմքերը հետեւողականորեն աշխատեն այն կառույցների հետ, որոնք հերթական անգամ փորձում են սանկցիա իրականացնել Իրանի հանդեպ եւ այնպես ջանադրաբար, ինչպես հիմա, ապա սահմանի փակման հեռանկարը կլինի նվազագույն»։

Նշենք, որ երեկվանից ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրից, որը կնքվել էր 2015 թվականին։ Պատժամիջոցները հիմնականում վերաբերում էին նավթային ոլորտին։ Թրամփը հայտարարել էր, որ իրենց հիմնական նպատակն է Իրանից նավթի արտահանումը հասցնել 0–ի։ Պատժամիջոցները տարածվում են 600 անձանց եւ ընկերությունների վրա։

Տպել
Ամենաշատ