News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները երբեք դեմ չեն եղել սխալմամբ օտար հողում հայտնված քաղաքացիների փոխանակմանը եւ վերադարձին: Այս մասին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի «Ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի» հայտարարությունը:

«Ոչ մի նորմալ մարդ չի կարող դեմ լինել գերեվարված քաղաքացիների փոխանակմանը: Եվ մենք երբեք չենք ասել, որ դեմ ենք արտայհայտվում նման գործընթացներին: Սակայն պետք է հստակ տարբերակել սխալմամբ օտար հողում հայտնված քաղաքացիներին եւ ահաբեկիչներին»,- նշեց Դավիթ Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ Ասկերովին եւ Գուլիեւին վերադարձնելու Ադրբեջանի պահանջը չի կարող տեղավորվել մարդասիրության շրջանակներում:

Այս անձինք ապօրինի ներթափանցել են Արցախի տարածք, լրտեսել են, ահաբեկչական գործողություններ եн կատարել, դեռահասի են սպանել: Այդ անձանց դատել են: Դատավորությունը բաց էր, դրան մասնակցում էին միջազգային դիտորդներ, ԶԼՄ-ներ, իրավապաշտպաններ», - հիշեցրեց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ Բաքվի նպատակները հստակ են՝ փորձել վերադարձնել Ասկերովին եւ Գուլիեւին եւ հետո հերոսացնել նրանց, ինչպես դա տեղի ունեցավ Սաֆարովի հետ:

«Դրան ի պատասխան երկուսը կդառնան ռեժիմի ավելի հավատարիմ ծառաներ, որոնք պատրաստ են ցանկացած հրաման կատարել: Հարեւան երկրի իշխանություններն այդ կերպ ադրբեջանական եղանակով ստեղծում են յուրատեսակ օպրիչնիկների», -ասաց Բաբայանը: Նրա խոսքով, Բաքուն միաժամանակ եւս մեկ խնդիր է լուծում՝ փորձում է պառակտել հայ հասարակությունը:

«Հավանաբար, գերեվարված հայերի հարազատները եւ բարեկամները ինչ-որ պահի կարող են ասել՝ թող փոխանակեն, ազատեն մեր հարազատներին: Թեեւ մի կողմից խոսքը սովորական մարդկանց մասին է, ընդ որում, որոնք խնդիրներ ունեն, եւ մյուս կողմից՝ ահաբեկիչների», - եզրափակեց Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: 

Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ՝ 22 տարվա ազատազրկման: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները դատավճիռն անփոփոխ են թողել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ