News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 7-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կայացված որոշմամբ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ 20 միլիոն դրամի չափով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից:

«Արազեն» հայ-գերմանական ՀՁ ընկերությունը «Վեոլիա Ջրի» պատճառով հայտնվել է ոչ մրցակցային իրավիճակում. վերջինս դադարեցնել է արտադրությունը

ՀՀ ՏՄՊՊՀ է դիմել «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը, տեղեկացնելով, որ ընկերությունը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, սակայն «Վեոլիա Ջրի» անօրինական գործողությունների հետեւանքով դուրս է մղվել շուկայից եւ այս պահին դադարեցրել է արտադրությունը: Մասնավորապես, ըստ «Արազենի» դիմում-բողոքի,  «Վեոլիա Ջուր» ընկերությունը զբաղեցնում է մենաշնորհ դիրք: Վերջինս զբաղվում է նաեւ ջրաչափերի ներմուծմամբ եւ տեղադրմամբ: Միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ:

Գնման  գործընթացը տեղի չի ունեցել հրապարակային,  եւ «Վեոլիա Ջուրը» հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողների եւս, մասնավորապես՝  իրենց գործելու այդ շուկայում: Մինչդեռ, ջրաչափերի ձեռքբերումը բաց եւ հրապարակային իրականացնելու պարագայում, իրենք եւս հնարավորություն կունենային առաջարկելու եւ իրացնելու իրենց արտադրանքը, տվյալ պարագայում՝ ջրաչափերը, որոնց վաճառքի համար ՀՀ-ում այլընտրանքային շուկաներ չկան: Նախկինում առանց որեւէ խնդրի, ընկերությունը  համագործակցել է «Երեւան ջուր» ՓԲ ընկերության հետ:

«Վեոլիա Ջուրը» ջրաչափերի մատակարար ընկերությունների ընտրությունը կատարել է  կամայական սկզբունքներով

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որպեսզի վերջինս  ներկայացնի տեղեկատվություն, թե ինչ չափորոշիչների եւ սկզբունքների  հիման վրա են ընտրվում ջրաչափի մատակարար ընկերությունները:   Սակայն, որեւէ կոնկրետ չափորորշիչ որպես այդպիսին չի ներկայացվել: Միաժամանակ, Հանձնաժողովը պահանջել է, որպեսզի «Արազեն» ընկերությունը ներկայացնի իրենց կողմից արտադրվող բնակարանային ջրաչափերի որակը հավաստող փաստաթղթերը, ինչն արվել է: ՏՄՊՊՀ դիտարկմամբ,  «Վեոլիա Ջուրը», ունենալով մենաշնորհային դիրք,  մեր երկրում հանդիսանում է ջրաչափերի նկատմամբ հիմնական պահանջարկ ներկայացնող տնտեսվարողը, հետեւապես  պարտավոր է այդ շուկայի բոլոր տնտեսվարողների համար ապահովելու հավասար մրցակցային պայմաններ:

«Վեոլիա Ջուրը» ջրաչափերը  մինչեւ 3 անգամ թանկ գնով ձեռք է բերել. անարդյունավետ ծախսը 1 տարվա կտրվածքով կազմել է 100 մլն դրամ

Համաձայն ուսումնասիրության,  «Վեոլիա Ջրի» կողմից  ներմուծված ջրաչափերը գնային առումով որոշ դեպքերում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գներին: Այսպես. 2017 թվականին «Վեոլիա Ջրի» ներմուծած ջրաչափերի միջին գինը ըստ տեսակների կազմել է  8 400  եւ 9 500 դրամ, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3 200 դրամից՝ հասնելով առավելագույնը  7 000 դրամի:  Այս տարի եւս ընկերության կողմից ներմուծված DN 15 մմ տրամագծով ջրաչափերի միջին գինը կազմել է 10 հազար  դրամ այն դեպքում, երբ տեղական շուկայում դրանց գինը տատանվել է 3 300-ից մինչեւ 7 600 դրամի սահմաններում: Արդյունքում, միայն 1 տարվա կտրվածքով ընկերությունը ջրաչափերի ձեռքբերման համար վճարել է 100 մլն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս:

Ստացվում է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը  դրսեւորել է ոչ ռացիոնալ վարքագիծ. ջրաչափերի ներմուծումներ է իրականացրել առավել բարձր գներով,  երբ կարող էր դրանք ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսվարողներից, տվյալ պարագայում՝ «Արազեն» ընկերությունից: Փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրությունից պարզվել է նաեւ, որ «Արազեն» ընկերության կողմից արտադրվող ջրաչափերը որակապես բավարարում են բոլոր պահանջներին, այս հանգամանքը «Վեոլիա Ջրի» կողմից երբեւիցե կասկածի տակ չի առնվել:

«Վեոլիա Ջրի» վարքագիծը անհավասար պայմաններ է ստեղծել տվյալ շուկայում գործող տնտեսվարողների համար

ՏՄՊՊՀ որոշմամբ, ոլորտում գերիշխող ընկերության՝ «Վեոլիա Ջրի» վարքագիծը հանդիսանում է օրենքի խախտում: Ընկերությունը պարտավոր էր ջրաչափերի ձեռքբերումներ իրականացնելու ժամանակ ապահովել հավասար եւ ոչ խտրական պայմաններ բոլոր տնտեսվարողների համար՝ նրանց հնարավորություն տալով մրցակցելու, ինչը չի արվել: Ավելին, գերիշխողի նման վարքագիծը բացասաբար է անդրադարձել ոլորտում գործող տնտեսվարողների գործունեության վրա: Միայն մեկ տարվա ընթացքում «Արազենի» իրացման ծավալները կրճատվել են 60 տոկոսով:  

Հարկ է ընդգծել մի էական հանգամանք եւս. «Վեոլիա Ջրի» կողմից անհամեմատ բարձր արժեքով ջրաչափերի ձեռքբերումն այն դեպքում, երբ տեղական շուկայում առկա է եղել նույն որակական հատկանիշներով, սակայն ավելի ցածր գնով ջրաչափ,  ֆինանսական առումով  եղել է ոչ արդյունավետ ծախս, այն բացասաբար է անդրադարձել նաեւ վերջնական սպառողների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ