News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ընդհանուր առմամբ 2019 թվականին նախատեսված է գյուղատնտեսության ոլորտի 4,5-5,5% ՀՆԱ-ի աճ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը:

Նախարարի պաշտոնակատարից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյոք գյուղացիների կողմից վարկերի վճարումների ուշացումների պատճառով առաջացած սեւ ցուցակները կարող են բեռնաթափվել. «Գյուղացիական տնտեսությունում ընդգրկված աշխատակիցները, ովքեր վարկերի կարիք ունեն, տնտեսություն են ուզում զարգացնել, բայց խնդիրներ ունեն վարկը ներգրավելու, քանի որ  տարիներ շարունակ սեւ ցուցակում են վարկերը ուշացնելու պատճառով»,-ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ վարկերի բեռնաթափման որոշակի գործողություններ արդեն իսկ իրականացվել են: «Բայց այստեղ պետք է ուշադիր լինենք, որ եթե այդ վարկերը ներդրվել են գյուղատնտեսության մեջ, ուշացրել են, տրամաբանական է բեռնաթափումը, բայց եթե վարկերը վերցրել ու ոչ նպատակային են օգտագործել, արդյոք պետք է գնանք զիջումների»,-ընդգծեց Գեղամ Գեւորգյանը:

Նա տեղեկացրեց, որ գյուղոլորտում 3-10 մլնդ դրամի վարկերի ծրագիրը շարունակվելու է, եւ ավելի մեծ ծավալ են տրամադրելու ծրագրին: «Որովհետեւ փորձը ցույց տվեց, որ 2017թ-ին միջին վարկային պորտֆելը 4,2 մլն էր, 2018-ին 5 մլն դրամ է եղել եւ նպատակային օգտագործումն աննախադեպ բարձր է եղել, իսկ դա նշանակում է՝ գյուղատնտեսության եկամտաբերությունն աճել է: Հոկտեմբերի դրությամբ արդեն 16 մլրդ դրամի կարգի վարկ էր տրամադրվել»,-ասաց նա՝ հավելելով, որ դա կնպաստի, որ փոքր տնտեսությունները գնան խոշորացման:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանը, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ապահովագրության հարցը պիլոտային ծրագրով իրականացվելու է 2019թ-ի առաջին երկու ամիսներին: «Պիլոտը կվերաբերի մեկ կամ երկու մշակաբույսերի, երկու մարզում: Վերջնաժամկետ սահմանել ենք 2019թ-ին, որպեսզի գյուղատնտեսական սեզոնը սկսելուց առաջ  ապահովագրական փաթեթը վաճառենք, որից պետության կողմից սուբսիդավորումը կլինի 65 տոկոս»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ