News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանին 2019 թ-ի պետբյուջեով ծրագրված է հատկացնել 5,6 մլրդ դրամի մուտքեր, որոնց մեջ ներառված են վարկային ծրագրերի գումարները, դոտացիանները եւ սուբվենցիաները: Խորհրդարանում 2019թ-ի բյուջեի քննարկմանը այս մասին նշեց Երեւանի  քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«Դոտացիաները կազմում են 13 մլրդ 400 մլն-ին մոտ գումար, ընդհանուր առմամբ մեր բյուջեն 1,7 մլրդ դրամով նվազել է նախորդ տարվա համեմատ, հիմնական բաժինն ընկնում է վարկային ծրագրերին»,-ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե տարիներ շարունակ հարց են բարձրացրել, որ Պարոնյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի հարակից գետնանցումը կարգի բերվի:

«Հետաքրքիր զուգադիպությամբ այդտեղ ցերեկը լույսերը վառվում են եւ անջատվում գիշերը, ու ոչ մի անգամ չի լինում հակառակը, ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչու է այդպես, խնդրում եմ սա կարգավորել, օրը ցերեկով 60-ից ավելի լույս է վառում, ժամը 9-ի մոտ անջատվում են»,-ասաց նա:

Բացի այդ՝ պատգամավորը նշեց, որ այդտեղ կան կոմերցիոն տարածքներ, որը երեւի նախկին իշխանությունները  տվել են մեկին ու մոռացելեն. «Որեւէ մեկը չի մտածում այդ տարածքները հավուր պատշաճի հանձնել վարձակալության, եւ սեփականատերը պարտավորվի, այդ անցումը մաքուր պահել, գեղեցիկ, եւ խոստանա, որ լուսավորությունն էլ կլինի գիշերային ժամերին»,-ընդգծեց Բագրատյանը:

Ի պատասխան Հայկ Սարգսյանը նշեց, որ այդ անցման հարակից պուրակները վերանորոգվում են այս փուլում. «Անցումը ներառված չի եղել այս փուլում, բայց մենք հիմա բանակցել ենք, որ այդ ծրագրի ներքո ներառենք նաեւ անցումը, ոնց որ թե ունենք նախնական համաձայնություն»:

Ինչ վերաբերում է կոմերցիոն տարածք լինելուն, Հայկ Սարգսյանը նշեց, որ վարձակալության ներկայացվել է, բայց հայտեր չեն եղել, քանի որ որպես կոմերցիոն տարածք տնտեսական արդյունավետությունը ցածր է:

 

Տպել
Ամենաշատ