Դա բացարձակ սուտ է, Պաշտպանության նախարարությունը նման առաջարկ չի ստացել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի այն պնդմանը, թե առաջարկել են հայկական կողմին փոխանակել գերիներին։
«Մենք նման առաջարկ չենք ստացել ու չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը, եթե Հայաստանում ռազմագերիներ չկան, ոչ էլ Արցախի Հանրապետությունում կան, մենք բավական բաց ենք աշխատում դրա հետ կապված։ Եթե նրանց կողմից նման նախաձեռնություն եղել է, ենթադրում եմ՝ Կարմիր խաչը, հոյակապ տիրապետելով իրավիճակին, հասկանում է, որ դա իրենց ներքին կամ որոշակի արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որի տակ որեւէ հիմնավորում չկա»,– ասաց Գաբրիել Բալայանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նույնպես հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանից գերիների փոխանակման հարցով պաշտոնական առաջարկ չի ստացել։ Ի պատասխան Բաքուն հայտարարել էր, որ պատրաստ է փոխանակել գերիներին։
Այս առնչությամբ հարկ է հիշեցնել, որ Հայաստանում չկան Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող գերիներ։ Ադրբեջանի Հանրապետության երկու ազատազրկված քաղաքացիներ եւ մեկ գերի գտնվում են Արցախում։
Ադրբեջանում, սակայն, գերեվարված են Հայաստանի երկու քաղաքացիներ եւ Արցախի մեկ քաղաքացի։
Հավելենք նաեւ, որ վերջին տարիներին կողմերը չեն կիրառել «փոխանակում» տերմինը։ Մինչեւ Ասկերովի ու Գուլիեւի դատը կողմերը նախընտրում էին քաղաքացիներին վերադարձնել։ Սակայն այժմ Ադրբեջանի իշխանությունները մտադրվել են հայրենիք վերադարձնել եւ հերոսացնել երկու հանցագործներին՝ այս նպատակով արգելափակելով գերիների վերադարձի գործընթացը։











