ՔՊ ցուցակում ընդգրկվող թեկնածուները պետք է ունենան քաղաքական որոշակի հետագիծ, պրոֆեսիոնալ հմտություններ, Ազգային ժողովում այդ հմտությունները կիրառելու կարողություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ սկզբունքով են կազմելու նախընտրական ցուցակը։
Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, թե ՔՊ ցուցակում կլինի նաեւ քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի քույրը, Հարությունյանն արձագանքեց. «Երբ որ դուք մեր ցուցակը տեսնեք՝ այն ձեզ դուր կգա»։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է ԱԺ արտահերթ ընտրություններում Մալաթիայում նրան աջակցի Սամվել Ալեքսանյանը, Հարությունյանը պատասխանեց. «Երեւան քաղաքում համապետական ընտրությանը հավասար ընտրություն է անցել, նման երեւույթ տեսե՞լ եք, վստահաբար այս ընտրություններում էլ չեք տեսնի»։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Երեւանի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։











