News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Փորձի փոխանակումը կաշառակերության հետ կապելն անհեթեթություն եմ համարում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հրապարակում կա «Վեոլիա ջուր» ընկերության հետ կապված, որտեղ ինքը մեղադրվում է կաշառակերության գործով, նաեւ այն պաշտոնյաների ցանկում է, որ «Վեոլիա ջրի» հաշվին մեկնել եք Ֆրանսիա հանգստանալու։

«Դա ընդամենը խնդիր է օրենսդրական, գործող օրենսդրությանը ծանոթ չլինելով, որովհետեւ ծանոթ լինեն օրենսդրությանը, նախ ընդամենը քրեական գործ է հարուցվել, քանի որ կա ընդամենը հաղորդում, հիմա  ոստիկանությունը ՀՔԾ–ն պարզում են այդ հաղորդման հանգամանքները։ իսկ ինչ վերաբերվում է, որ փորձի փոխանակումը կարելի է կապել կաշառակերության հետ, ես անհեթեթություն եմ համարում»,-ասաց նա:

Կոնկրետ հարցին, թե ինքը «Վեոլիա ջուր» ընկերության հաշվին մեկնե՞լ է Փարիզ, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Վեոլիա ջրի» հաշվին չի եղել, դա եղել է «Ջեներալ դեզոյի» հաշվին՝ «Վեոլիայի» մայր գրասենյակի: Դա ընդհանուր ընդունված մոտեցում է բոլոր այն երկրներում, որ «Վեոլիան» ներկայանում է: Ինքը փորձի փոխանակմամբ հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ ծանոթանալու իր փորձին։ Նման ծրագրով եւ լրագրողներ են մեկնել, եւ հասարակական կազմակերպություններ։ Իսկ կապել դա նրա հետ, որ դրա արդյունքում սակագին է բարձրացել, կարող եք օրենսդրությունն ուսումնասիրել, ենթաօրենսդրական ակտերը, սակագնի ձեւավորման մեջ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է»:

Լրագրողները նկատեցին, որ ինքը որոշում կայացնող է եւ ոչ միայն ինքն է մեկնել Փարիզ, այլեւ իր ընտանիքի անդամները, ինչին Բաղրամյանը արձագանքեց. «Նախ, ես որոշում կայացնող չեմ եղել, ես եղել եմ վարչության պետ։ Ինձ հետ եղել են նաեւ ուրիշ վարչության պետեր։ Որոշում կայացնողները հանձնաժողովի անդամներն են։ Հանձնաժողովի անդամները 5-ով են քննարկում։ Ընդամենը եղել է հանձնաժողովի 2 անդամ։ Այսինքն, 2 անդամները չէին կարող կայացնել այդ որոշումը, նրանք ձեր տրամաբանությամբ պետք է 5–ին տանեին։

Ֆրանսիական կողմը հոգացել է ավիատոմսերի ծախսերը եւ եթե չեմ սխալվում նաեւ հյուրանոցի ծախսերը։ Մեկնել ենք 8 հոգով, նաեւ հանձնաժողովի անդամները։ Ընտանիքի անդամներ չեն եղել»:

Բաղրամյանն ասաց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը վկայի կարգավիճակ ունի, սակայն դեռ չեն հարցաքննել:

Հարցին, թե իր նախարար նշանակվելիս այդ հարցը քննարկվել է, Բաղրամյանը պատասխանեց. «Վարչապետը արդեն տեղյակ է եղել»: Նա հրաժարվեց նշել, թե ով է ներկայացրել հաղորդումը հանցագործության մասին. «Դիմեք համապատասխան մարմիններին, կիմանաք։ Այն աշխատակիցը, ով հեռացվել է Վեոլիա ջրից։ Ես չեմ կարծում սա հաշվեհարդար է, այն ժամանակ ես վարչության պետի պաշտոն եմ զբաղեցրել եւ այդ ամեն ինչը այդ ժամանակ է եղել»:

Հիշեցնենք, որ Փաստերի ստուգման հարթակը գրել էր, որ Գարեգին Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության նախկին պետն է:

Ոստիկանության նախնական տվյալներով՝ «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը որպես կաշառք ՀԾԿՀ 7 պաշտոնատար անձանց համար 2017թ․օգոստոսին գնել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ ավիատոմսեր և հոգացել վերջիններիս՝ Փարիզում բնակվելու ծախսերը։ Այդ նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությունը ծախսել է 12,598,368 դրամ, ինչից հետո, հանձնաժողովի որոշմամբ, խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11 դրամով՝ 180 դրամից դառնալով 191 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ