Լոս Անջելեսի արվարձանի բարերից մեկում կրակոցների հետեւանքով 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է շրջանի շերիֆը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Հարձակման մեջ կասկածվողը մահացած է, զոհվել է նաեւ շերիֆի օգնականը։ Էլի մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի արվարձան համարվող Թաուզանդ Օքս քաղաքում։
Հինգշաբթի առավոտյան փրկարարներն ու ոստիկանությունը դեռեւս դեպքի վայրում՝ Borderline Bar and Gril բարում են եղել։
Ականատեսները սոցցանցերում վկայում են, որ բար է մտել մուգ անձրեւանոցով մորուքավոր մի տղամարդ եւ սկսել է կրակել։ Ըստ նրանց՝ մոտ 30 կրակոց է արձակել։
Վենտուրա շրջանի շերիֆի աշխատակազմի ներկայացուցիչն ասել է, որ երբ առաջին ոստիկանները բար մտան, կրակոցները դեռեւս շարունակվում էին։