News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀԿ համաժողով չի լինելու՝ NEWS.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Աժ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ կարեւոր է իշխանության հանդեպ անվերապահ վստահությունը, բայց պետք է լինի ուժ, որը հակառակ բոլոր ճնշումներին, իր վրա կվերցնի անհարմար հարցեր բարձրաձայնելու եւ պատասխաններ ակնկալելու բեռը, ու այդ ուժը ՀՀԿ-ն է։ Երկրի ղեկավարի սելֆիների, ամանորյա բարեմաղթանքների եւ այլ մանրամասների մասին ՝ հարցազրույցում։

Մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀԿ-ն ընդհանրապես չի մասնակցելու ընտրություններին եւ կիրակի օրն էլ համաժողով չի անցկացնելու, քանի որ իմաստ չկա: Ի՞նչ խմորումներ են կուսակցության ներսում եւ արդյո՞ք ընտրություններին մասնակցությունը արդեն հաստատված է:

Համաժողով չի լինելու, սակայն դա պայմանավորված է զուտ կազմակերպչական խնդիրներով, քանի որ այսքան սեղմ ժամկետներում ընտրությունները թույլ չեն տալիս ապահովել համաժողովի պատշաճ իրականացումը։ Կիրակի կլինի ՀՀԿ խորհրդի նիստը, որից հետո էլ կազդարարվի ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության վերջնական ձեւաչափը։

Ռեյտինգային թեկնածուների հարցում ՀՀԿ-ն ունի՞ դժվարություն, արդյո՞ք ակտիվանալու են «երկրորդ շարքի մարտիկները»:

Չկան առաջին կամ երկրորդ շարքի մարտիկներ, կան անձինք, որոնք կներդնեն իրենց ներուժը այն կուսակցության համար, որի սկզբունքներին եւ գաղափարներին վստահում են։

Ի՞նչ տրամաբանությամբ է կառուցվում ՀՀԿ նախընտրական ցուցակը եւ արդյո՞ք Սերժ Սարգսյանը այն կգլխավորի:

Անընդունելի եմ համարում մինչեւ ՀՀԿ խորհրդի կողմից վերջնական որոշում կայացնելը ներկուսակցական քննարկումների մասին տեղեկատվության տրամադրումը։

Նախընտրական ծրագրի ընդդիմադիր ուղղվածությունն ինչպե՞ս է ընդգծվելու: Ինչո՞վ է գրավիչ ՀՀԿ-ն ընտրողների համար, որո՞նք են կուսակցության ուժեղ կողմերը այս իրավիճակում:

Իրական եւ կայուն ընդդիմություն է այն չափանիշը, որով գնահատում են քաղաքական համակարգի ժողովրդավարական հասունությունը։ Իրական եւ պրոֆեսիոնալ ընդդիմություն է, որ կարող է առաջարկել կառավարության կողմից առաջարկվող լուծումներին այլընտրանքներ, հսկողություն իրականացնել կառավարության գործունեության նկատմամբ, մեծացնել քաղաքական գործընթացների կայունությունը, օրինականությունը, հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը։ Ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը, որպես ընդդիմություն, կարող է ապահովել այս ամենը։

Նախ, ոչ ոք այնքան լավ չի կարող պատկերացնել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, որքան այն ուժը, որը եղել է իշխանություն եւ ներսից բախվել երկրի առջեւ ծառացած խնդիրներին։ Ներկայումս փորձ է արվում համոզել հանրությանը, որ որեւէ պետության ղեկավարի ժպիտը, սելֆիների քանակը, երեկոյան զբոսանքը հաջողված եւ ինքնուրույն արտաքին քաղաքականության, այլ պետությունների հետ հրաշալի հարաբերությունների առհավատչյա են, սակայն դրանով ոչ մեր մարտահրավերն են վերանում, ոչ էլ խնդիրները։

Բացի դրանից, ինչքան էլ որ ներկայիս կառավարության համար տհաճ լինի դա ընդունելը,  գրեթե բոլոր ոլորտներում նրանք շարունակում են նախորդ իշխանության քաղաքականությունը, իրականացնում են ծրագրեր, որոնք սկիզբ են դրվել նախորդ կառավության ժամանակ։ Հետեւաբար, դժվար է գտնել մի այնպիսի ընդդիմադիր ուժ, որը կարող է վերահսկել Կառավարության գործունեությունը այնպես, ինչպես այն ընդդիմադիր ուժը, որը եղել է կառավարության ծրագրերի մեծ մասի ակունքներում։

Հիմա նոր իշխանությունները ԵԱՏՄ անդամակցությունը եւ զուգահեռ համագործակցությունը ԵՄ-ի հետ դիտարկում են միայն որպես անսահման հնարավորությունների ռեսուրս, սակայն ժամանակին այն հանրությանը հրամցնում էին որպես տապալում։ Նմանատիպ է պատկերը գրեթե բոլոր ոլորտներում։ Նրանք մեծ հպարտությամբ բացում են կրթական օջախներ, աշխարհի լավագույն թանգարաններում հայկական ցուցադրություն, սակայն ջանասիրաբար թաքցնում են, թե ովքեր են տվել մեկնարկը։ Ու ես ներկայացնում եմ ամենաակնառու օրինակները։

Փոխարենը յուրաքանչյուր ձախողում միանգամից վերագրվում է նախորդ իշխանության թողած ժառանգությանը՝ այդպես էլ որեւէ հոդաբաշխ մեկնաբանություն չտալով, թե ինչո՞ւ են կրճատվել օտարեկրյա ներդրումները, թե ինչո՞ւ ենք կորցնում միջազգային կառույցում մեր լուրջ ներկայացվածությունը։ Իհարկե, կարեւոր է իշխանության նկատմամբ անվերապահ վստահությունը, սակայն պետք է լինի այն ուժը, որը չնայած բոլոր ճնշումներին, իր վրա վերցնի անհարմար հարցեր բարձրաձայնելու ու պատասխաններ ակնկալելու բեռը, ու այդ ուժը ՀՀԿ-ն է։

Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ տոկոսով ՀՀԿ-ն կմտնի խորհրդարան: Որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ ՀՀԿ չի հաղթահարի անցողիկ շեմը։

Կանխատեսումներ անելը, հատկապես հայաստանյան իրականությունում, երբ մթնոլորտ ու տրամադրություն փոխվում է ժամերի կտրվածքով, անշնորհակալ գործ է։ Սպասենք ընտրության արդյունքներին։ Ինձ համար, որպես քաղաքական գործչի, որոշ առումով մտահոգիչ է այն, որ նման հայտարարությունները գալիս են այն գործիչների կողմից, որոնք չեն փորձում վերանայել իրենց գործունեությունը հեղափոխությունից հետո ավելի կայացած քաղաքական դաշտ ունենալու համար, ովքեր  Նիկոլ Փաշինյանի շնորհիվ նոր ձեռք բերած հանրային ճանաչելիությունը ընկալում են որպես սեփական քաղաքական հասունության եւ պատրաստվածության նշան։ Ինչը, բնականաբար, չի կարող այդպես լինել։ Մինչդեռ, բովանդակային եւ լուրջ քաղաքական պայքարը պետք է կառուցվի ոչ թե խորհրդարան անցնել–չանցնելու եւ հնարավոր ներկայացվածության կանխատեսումների հետ, այլեւ լուրջ գաղափարական ու ծրագրային քննարկումների շուրջ։

Քանի որ ՀՀԿ ցուցակի բոլոր թեկնածուները առաջադրվելու են նաեւ ռեյտինգայինով, Դուք ո՞ր ընտրատարածքից կառաջադրվեք եւ ո՞ւմ հետ կմրցեք այդ ընտրատարածքում:

Ինչպես արդեն նշել եմ՝ ընտրություններին մասնակցության վերջնական ձեւաչափը պարզ կլինի, երբ կլինի կուսակցության վերջնական որոշումը։

Ինչպիսի՞ քարոզարշավ եք ակնկալում:

Ես, բնականաբար, չեմ կարող պատասխանել այլ ուժերի փոխարեն, բայց քարոզարշավի մեր տեսլականը բովանդակային քարոզարշավն է։ Ընդհանրապես, ամեն քարոզաշավի ժամանակ մեծ է անչափելի երեւույթների մասին խոսելու գայթակղությունը, բայց ես կոչ եմ անում, որ քաղաքական ուժերը իրենց քարոզարշավը կառուցեն այնպես, որ ՀՀ քաղաքացին ունենա չափանիշներ, օրինակ, մեկ տարի հետո գնահատելու, թե արդյոք իրեն տրված խոստումները կատարվե՞լ են, թե՞ ոչ, արդյոք ինքը ապրում է այն Հայաստանում, որը իրեն խոստացել էին ամանորի նախաշեմի՞ն, թե՞ դա ուղղակի ամանորյա բարեմաղթանք էր։

Արդյո՞ք քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ն չի թիրախավորվի  «սեւ ու սպիտակով» եւ ո՞րն է լինելու պատասխանը:

«Սեւ ու սպիտակի» բաժանումը ցավոք արդեն արված է։ Եթե շարունակվի այդ բաժանումը, ապա ակնհայտ է, թե մեզ որ դերակատարումն է վերապահված։ Բոլոր դեպքերում, մենք միակն ենք, որ հանդես ենք գալիս որպես իրական ընդդիմություն եւ քննադատում գործող իշխանություններին, ընդ որում՝ ե՛ւ բովանդակային, ե'ւ  քաղաքական, ե'ւ ինստիտուցիոնալ հարթության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ