News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ն ընդունել է Կառավարության միակողմանի հայտարարությունը եւ քննվող գործերի ցանկից հանել «Գրիգորյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գանգատը։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։

Գործը վերաբերում է 2000-ականներին սկիզբ առած հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման գործընթացի շրջանակում դիմումատուների անշարժ գույքի օտարմանը:

Դիմումատուները պնդել են, որ իրենց պատկանող գույքի օտարումը եւ դրան հաջորդող գործի դատական քննությունը իրականացվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի եւ Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երաշխիքների խախտմամբ: Բացի այդ, հիմք ընդունելով Կոնվենցիայի 6-րդ եւ 13-րդ հոդվածները, դիմումատուները պնդել են, որ խախտվել է դատարանի մատչելիության իրենց իրավունքը գույքի օտարման վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշումները բողոքարկելու առնչությամբ:

Դիմումատուները պահանջել են 874 974 եվրո որպես նյութական վնասի եւ 3 301 եվրո կրած ծախսերի եւ ծախքերի փոխհատուցում: Անհիմն համարելով ներկայացված պահանջը՝ Կառավարությունը միակողմանի հայտարարությամբ առաջարկել է 118 000 եվրո որպես արդարացի փոխհատուցում:

Հիմք ընդունելով Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առնչությամբ ներկայացված Կառավարության միակողմանի հայտարարությունը՝ Եվրոպական դատարանը որոշել է գանգատի այդ մասը հանել քննվող գործերի ցանկից:

Ինչ վերաբերում է մյուս հոդվածների ենթադրյալ խախտումների մասով դիմումատուների ներկայացրած բողոքներին, ապա Եվրոպական դատարանը անհրաժեշտ չի համարել անդրադառնալ դրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ